կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քաղաքացիների եկամուտների հայտարարագրերը կլինեն գաղտնի. Ռուստամ Բադասյան

Քաղաքացիների եկամուտների հայտարարագրերը կլինեն գաղտնի. Ռուստամ Բադասյան

Օրենքում կան կարգավորումներ, որոնք արդեն երկու ընթերցումով ԱԺ-ում անցել և ստորագրվել են: Ուժի մեջ են որոշ կարգավորումներ և Պետական եկամուտների կոմիտեն հիմա աշխատում է, որպեսզի էլեկտրոնային համակարգը քաղաքացիների համար ավելի հարմարավետ դարձնի: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով քաղաքացիների եկամուտների ընդհանուր հայտարարագրմանը:

Նրա խոսքով, առաջին փուլով՝ առաջին տարում բոլորը չեն ներկայացնելու հայտարարագիր, այլ օրենքով առանձնացված են խմբեր, հանրային ծառայություն, բիզնեսի հետ կապ ունեցող անձանց շրջանակ.

«Մենք այնպես ենք անում, որպեսզի քաղաքացին անհանգստանալու կամ լրացուցիչ տեղեկություններ ճշտելու, կամ որևէ փաստաթուղթ որևէ տեղից առավել ևս հավաքելու կարիք չունենա: Այսինքն, այն ինչ մենք էլեկտրոնային բազաներում ունենք՝ հասանելի լինի քաղաքացուն և քաղաքացին ընդամենը հաստատի այն տեղեկությունը՝ որը կա: Իսկ եթե լրացուցիչ տեղեկություն կա հայտարարագրելու՝ նաև դա»,-ասաց Բադասյանը:

Հարցին՝ հայտարարագրերը գաղտնի՞ են լինելու, ՊԵԿ նախագահն ասաց՝ այո:

Տրանսֆերտների ու նվիրատվությունների մասով Բադասյանն ասաց, որ ինչ վերաբերում է  արտասահմանում ստացված եկամուտներին, ապա դրա հետ կապված կարգավորումները ֆինանսների նախարարությունը բավական մանրամասն պարզաբանել է: Այն երկրներում, որտեղ դրույքաչափերի տարբերության արդյունքում լրացուցիչ նորմ կառաջանա, նոր այդ դեպքում կարող է հարկման հարցեր առաջանալ: Բայց պետք չէ շտապել, դրա մասին ավելի մանրամասն կխոսենք:

Ճշտող հարցին, թե օրինակ ՌԴ-ից ուղարկված գումարները կհայտարարագրվեն՝ Բադասյանը շեշտեց՝ ո՛չ:

  • Կիսվել: