հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Փորձնական ծրագրի արդյունքները գոհացուցիչ չեն եղել. ձեռք բերված հողերը կվաճառվեն

Փորձնական ծրագրի արդյունքները գոհացուցիչ չեն եղել. ձեռք բերված հողերը կվաճառվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 6-ի նիստում Հողային բարեփոխումների փորձնական ծրագրի շրջանակներում ձեռք բերված, սակայն չվաճառված հողերի տնօրինման և տիրապետման մասին որոում կայացրեց:

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման շրջանակներում «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան և Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրերում իրականացվել է վարելահողերի և բազմամյա տնկարկների իրավական խնդիրների ամբողջական գույքագրում: Հայթաղ բնակավայրում կազմակերպության կողմից ձեռք է բերվել 11.4 հա ընդհանուր մակերեսով 39 հողակտոր:

Արմավիր համայնքի Մայիսյան բնակավայրում իրականացվել են չմշակվող հողերի գույքագրման աշխատանքներ, գոտիավորվել է կոնսոլիդացման համար առավել նպաստավոր հողատարածքները: Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրում առկա են հողամասերի իրավական կարգավիճակին վերաբերող մի շարք անճշտություններ, որոնց լուծումը և ժամանակատարությունը անհնարին են դարձրել սեղմ ժամկետներում հասնել որոշմամբ դրված խնդիրների լուծմանը: Ծրագրի իրականացմանը խոչընդոտել են նաև համայքների կողմից հարցի լուծման նկատմամբ շահագրգռվածության ոչ բավարար լինելը, հողերի գնի արհեստական բարձրացումը, բարձրորակ կադրերին աշխատանքում ներգրավման համար ֆինանսական միջոցների բացակայությունը և այլն:

Հաշվի առնելով, որ փորձնական ծրագրի արդյունքները գոհացուցիչ չեն եղել, նպատակահարմար է գտնվել չշարունակել ծրագիրը և ներկայացնել որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջների ապահովմանն ուղղված նոր նախագիծ:

Ներկայումս էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված քաղաքականություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված համապատասխան հայեցակարգերի և ծրագրերի։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկվում է կազմակերպության կողմից գնված, սակայն չվաճառված հողերը, առանց մասնատելու, թույլատրել կազմակերպությանը վաճառելու շուկայական արժեքով (հողերի ձեռք բերման արժեքի և դրանց վրա կատարված ծախսերի արժեքից ոչ պակաս արժեքով), որպեսզի ապահովի հողերի ձեռքբերման համար պետության կողմից ծախսված գումարների հետ վերադարձը։

Գույքի շուկայական արժեքի գնահատման և օտարման գործընթացը կիրականացվի ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Միաժամանակ սահմանվել է դրույթ, որ որոշմամբ սահմանված ժամկետի ավարտին (չվաճառված հողերի առկայության դեպքում) կազմակերպվելու է քննարկում շահագրգիռ կողմերի հետ և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացվելու առաջարկություններ չվաճառված հողերի հետագա տնօրինման և տիրապետման վերաբերյալ:

  • Կիսվել: