երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Փորձագետ. ՓՄԲ-ն չգիտի, թե պետությունն ինչ ուղղությամբ է շարժվում

Փորձագետ. ՓՄԲ-ն չգիտի, թե պետությունն ինչ ուղղությամբ է շարժվում

Հայաստանի փոքր և միջին բիզնեսը հստակ պատկերացում չունի, թե պետությունն ինչ ուղղությամբ է շարժվում ։ Այս մասին մարտի 10-ին ՓՄԲ շուկայում <Ամերիա> ՓԲԸ-ի հետազոտության շրջանակում կայացած քննարկման ժամանակ ասել է «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության (Ameria Management Advisory) տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, գրում է Արմինֆո-ն:

Նա նշել է, որ 2012-2013թթ. ընթացքում հայկական բիզնեսը պատրաստ էր երկարաժամկետ ներդրումների, քանի որ շուկայում գործում էին խաղի հստակ կանոններ։ <Դրանք վատ կանոններ էին, բայց կոնկրետ: Այդ պատճառով բիզնեսը կարող էր պլանավորել իր գործունեությունը, ծրագրեր իրականացնել>, - ընդգծեց Ջրբաշյանը ։

Իսկ այսօր, փորձագետի խոսքով, բիզնեսը սպասողական դիրք է գրավել և մտադիր է հետևել շուկայում տեղի ունեցող փոփոխություններին։ <Վստահ եմ, որ որքան հստակ լինի պետական տնտեսական քաղաքականությունը, տարբեր ռազմավարությունները, հարկային օրենսդրությունը, այնքան ավելի արագ իրավիճակը դուրս կգա ավելի բարձր մակարդակի>, - ասել է նա:

Որպես 2013թ. – ից ի վեր գրանցված դրական փոփոխություններ ՝ Ջրբաշյանը մատնանշել է արտահանողների լավատեսական տրամադրվածությունը ՝ ներկրողների մոտ հոռետեսական տրամադրությունների խորացման ֆոնին։ <Կարծում եմ ՝ դա կապված է պետության կողմից հայտարարված արտահանմանն ուղղված քաղաքականության հետ>, - ասել է նա։

 

Ջրբաշյանը բարենպաստ է համարել նաև ՓՄԲ ֆինանսական հասանելիության հետ կապված իրավիճակը։ Վկայակոչելով հետազոտության տվյալները ՝ նա նշել է, որ հարցվածների 86 տոկոսը նշել է, որ բանկերի հետ համագործակցությունը դրական է ազդել վերջիններիս գործունեության վրա: Մասնավորապես, նրա խոսքով, բանկերի կողմից ՓՄԲ ֆինանսավորման ընդհանուր ծավալը հասել է 900 մլրդ դրամի։

 

<Դրական փոփոխություններ, անշուշտ, կան, բայց այն, որ ՓՄԲ - ն չգիտի, թե ուր է գնում պետությունը, դա միանշանակ է>, - եզրափակել է նա:

 

Մինչդեռ խորհրդատվական ընկերություններից մեկի ղեկավար Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ երբ խոսում ենք ՓՄԲ մասին, մենք խոսում ենք 3-4 հազար ընկերությունների մասին, և եթե հանենք հանքարդյունաբերական և ենթակառուցվածքային ընկերությունները, մնացածների մեծ մասը լիովին համապատասխանում է փոքր և միջին բիզնեսի չափանիշներին, ուստի համեմատել Հայաստանի ՓՄԲ և, օրինակ, Եվրոպայի երկրների վիճակագրությունն ու որակական տվյալները, չի կարելի:

 

Ավելին, եթե այդ ընկերությունների նկատմամբ կիրառենք օրենքների ողջ ուժը ՝ սկսած հարկային դաշտից մինչև սանիտարահիգիենիկ, հայաստանյան ՓՄՁ-ների առնվազն կեսը սնանկանալու է ։ Նրա խոսքով ՝ ՓՄՁ-ների մեծամասնության շահութաբերությունն այդ ժամանակ շատ ցածր մակարդակի վրա կլինի։ Դրա համար էլ փորձագետը չի համաձայնել, որ ՓՄԲ զարգացման հայեցակարգի նպատակը ՓՄԲ ներառականության և նորարարականության ձեռքբերումն է։ Դա լուրջ չէ այն իմաստով, որ ներքին շուկան պահանջարկ չի ներկայացնում այդ նորարարական լուծումների նկատմամբ, բացակայում են նման ծառայությունների սպառողները։ Նման նորարարական փոքր եւ միջին ձեռնարկություններն աճում են խոշորների շուրջը, այդ թվում՝ անդրազգային բարձր տեխնոլոգիական ընկերությունների՝ որպես վերջիններիս կոնտրագենտներ: Իսկ Հայաստանում նման ձեռնարկությունների աջակցության մասին խոսելը տրամաբանական սխալի հետևանք է։

  • Կիսվել: