ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Փոքր բիզնեսը նոր սերնդի ՀԴՄ-ների համար նախատեսվածից 2 անգամ ավելի կվճարի. Սուրեն Պարսյան

Փոքր բիզնեսը նոր սերնդի ՀԴՄ-ների համար նախատեսվածից 2 անգամ ավելի կվճարի. Սուրեն Պարսյան

ՀԴՄ կտրոնների ավելի տպագրության մասին տեղեկատվությունը իշխանության ներկայացուցիչները մշտապես ներկայացնում են որպես մեծագույն ձեռքբերում՝ այդ կերպ փորձելով հանրությանը շեղել տնտեսական ակտիվության իրական պատկերից։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրականությունն այն է, որ ստվերի կրճատումը տեղի է ունենում ի հաշիվ հարկային վարչարարության խստացման, իսկ փոքր եւ միջին բիզնեսի մոտ առեւտրաշրջանառությունը չի ավելացել 22,4 տոկոսով։ Ակնահայտ է, որ ՀԴՄ կտրոնների ավելի ու ավելի շատ տպագրության մասին հրապարակումների նպատակն է հանրության մոտ ամրապնդել կարծիք, որ ամեն ինչ նորմալ է, միայն քեզ մոտ կամ քո բիզնեսն է վատ վիճակում։ Ճիշտ հակառակը, ներկայումս փոքր խանութներում, կրպակներում փաստացի առեւտրաշրջանառությունը կրճատվել է մոտ 30 տոկոսով, ինչը հնարավոր է ճշտել պարզ հարցումներով։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվար 1-ից պարտադիր դարձավ նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրումը։ Պետական աջակցությամբ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը նոր սերնդի ՀԴՄ-ները տրամադրում էր փոքր բիզնեսին 60000 ՀՀ դրամով։ 2019 թվականի ընթացքում այս կառավարությունը չկարողացավ ապահովել 11000-ից ավել նոր սերնդի ՀԴՄ-ներ, այն դեպքում, երբ բոլոր դիմող տնտեսավարողներից գանձվել էր 10000 ՀՀ դրամ։ Ստացվում է, որ հազարավոր տնտեսավարողներ 10000-ական դրամներ վճարել են նոր սերնդի ՀԴՄ-ների համար, որից չեն օգտվել առ այսօր։ Ավելին՝ 2019 թվականի ընթացքում նոր բացված բազմաթիվ տնտեսավարողներ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գիտութամբ, գործում են առանց ՀԴՄ-ների՝ ոչ նոր, ոչ հին։ Եթե ՀԴՄ կտրոններով ենք չափում պետական կառավարման արդյունավետությունը, ապա պետք է արձանագրենք, որ հարյուր հազարավոր ՀԴՄ կտրոններ չեն տպագրվում նոր սերնդի ՀԴՄ-ների բացակայության արդյունքում, ինչի ողջ պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը։

Չնայած պաշտոնական հավաստումներին՝ 2019 թվականի ընթացքում ի հայտ չեկավ մասնավոր ընկերություն, որը պատրաստ կլիներ վաճառել եւ սպասարկել նոր սերնդի ՀԴՄ-ներ։ Երկար սպասումներից հետ համացանցում հայտնվեց տեղեկատվություն, որ մասնավոր ընկերություններից մեկը պատրաստ է մատակարարել նոր սերնդի ՀԴՄ-ներ, սակայն ստիպված եմ հիասթափեցնել, քանի որ մասնավոր ընկերությունը նոր սերնդի ՀԴՄ-ն պատրաստվում է վաճառել 125000 ՀՀ դրամով։ Այն դեպքում, երբ 2019 թվականի ընթացքում 10000 ՀՀ դրամ կանխավճար արած փոքր բիզնեսին տեղեկացրել էին, որ նոր սերնդի ՀԴՄ-ն իրենց համար կլինի 60000 ՀՀ դրամ։ Այսինքն՝ փոքր բիզնեսը նոր սերնդի ՀԴՄ-ների համար 60000 ՀՀ դրամի փոխարեն վճարելու է 125000 կամ ավելի քան 2 անգամ։ Ի վերջո, 2020 թվականի պետական բյուջեի համաձայն՝ պետությունը որեւէ սուբսիդավորում չի նախատեսել այս ուղղությամբ։ Բացի այդ, նույն փոքր բիզնեսին խոստացել էին, որ այդ 60000 ՀՀ դրամը տարաժամկետ վճարելու հնարավորություն կունենար, օրինակ՝ ամսական 6000 ՀՀ դրամ։ Բնական է, որ նոր սերնդի ՀԴՄ վաճառող որեւէ մասնավոր ընկերություն տարաժամկետ վճարելու հնարավորություն չի տա, լավագույն դեպքում՝ ապառիկ կառաջարկի, ինչի արդյունքում փոքր բիզնեսը պարտադրված է վճարել ոչ միայն 125000 ՀՀ դրամ, այլ նաեւ ապառիկի տարեկան տոկոսը։ Մեկ այլ խնդիր է 10000-ական դրամների հետ վերադարձը կամ հաշվանցումը։

  • Կիսվել: