չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փոփոխություններ՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման պայմաններում

Փոփոխություններ՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման պայմաններում

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը, որն ուղղված է  փոքր և միջին ձեռնարկություններին, որոշ փոփոխությունների է ենթարկվել։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը։

Փոխնախարարը հիշեցրեց, որ ծրագրից կարող են օգտվել այն ՓՄՁ-ները, որոնց շրջանառությունը 2019 թվականին կազմել է 24-500 մլն դրամ:

Ծրագրում ընդգրկված են հետևյալ ոլորտների ընկեությունները՝ մշակող արդյունաբերություն, կացություն, հանրային սննդի կազմակերպում, փոխադրումներ, պահեստային տնտեսություն, զբոսաշրջային ծառայություններ, սպասարկման այլ ծառայություններ, առողջապահություն:

Ավելի ուշ այդ ցանկը համալրվել է հետևյալ ոլորտներով՝ նախադպրոցական կրթություն, մասնավոր մասնկապարտեզներ, սպորտի բնագավառում գործունեություն, սպորտային ակումբներ, լողավազաններ, զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն՝ բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետային ակումբների, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունություն:

Նաիրա Մարգարյանը հայտնեց, որ այս հավելումներն արվել են դիմումների վերլուծության արդյունքում, ինչպես նաև տարբեր ՓՄՁ-ների կողմից բարձրացրած հարցերի հիման վրա։ Վերլուծությունից հետո, ըստ նրա, պարզ է դարձել, որ այդ ոլորտները նույնպես կորոնավիրուսից տուժել են։

Այժմ, ինչպես նշեց փոխնախարարը, փոփոխություններ են կատարվել պայմաններում։

«Եթե նախկինում պնդում էինք, որ ծրագրին դիմող յուրաքանչյուր ՓՄՁ-ի անցյալ տարվա յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չպետք է լինի ավելի փոքր, քան ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսը, ապա դիմումների արդյունքում տեսանք, որ մի շարք կազմակերպություններ, մասնավորապես, տուրիստական կազմակերպություններ և սեզոնային աշխատանք անողներ, այս ֆիլտրի պատճառով դուրս են մնում: Ուստի որոշեցինք փոփոխություն անել ու սահմանել, որ 2019-ի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառություն չպետք է լինի ավելի, քան ամբողջ տարվա շրջանառության 70 տոկոսը»,- ընդգծեց Նաիրա Մարգարյանը։

Արդյունքում, ըստ նրա, շահառուների քանակը կտրուկ աճել է:

Փոխնախարարը հայտնեց՝ դա չի նշանակում, որ հարկային և վարկային պատմությանը ուշադրություն չեն դարձնելու, բայց այստեղ էլ են փոփոխություններ եղել։

«Հարկային և վարկային բարվոք պատմությունը մնացել է որպես հիմնական պայման, սակայն հարկային պատմության ֆիլտրում փոփոխություն է եղել: Մասնավորապես, եթե նախկինում ասվում էր, որ տնտեսավարողը նախորդ 365 օրում պետք է հարկերի բռնագանձման շուրջ վարույթ չունենա, սակայն նկատեցինք, որ մի շարք տեխնիկական պատճառներով որոշ ընկերություններ այս ֆիտրին չեն կարողանում համապատասխանել: Հիմա փոփոխություն է կատարվել որով սահմանվել է՝  պայմանը գործում է, սակայն, եթե կազմակերպությունը չի բավարարում այդ պայմանին, բայց 2019 թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն, ապա նույնպես կարող է մասնակցել»,- ասաց նա։

Նաիրա Մարգարյանը նշեց նաև, որ այստեղ մեկ նրբություն կա. մասնավորապես, այդ կազմակերպությունները, որոնք օգտվում են դեկտեմբերի 31-ի դրությամբ հարկային պարտավորություն չունենալու սկզբունքից, վճարում են վարկի տրամադրման 1 տոկոս վճար:

Տվյալ պայմաններին համապատասխանող կազմակերպությունները կարող են օգտվել վարկային միջոցներից՝ ՀՀ դրամ արժույթով, 36 ամիս ժամկետով, որից առաջին 6 ամիսը վարկային մարում չի նախատեսվում: Ըստ Նաիրա Մարգարյանի, առաջին 24 ամսում պարտավորությունն անվճար է, իսկ վերջին տարում՝ 12 տոկոս տոկոսադրույքով:

Փոխնախարարը հայտնեց, որ ներկայումս ծրագրով հաստատվել է 461 հայտ կամ դիմում, որը գումարով կազմում է մոտ 5,2 մլրդ դրամ: Այս պահին կան մոտ 1200 դիմումներ, որոնց մեծ մասն արդեն ուսումնասիրված է:

Անդրադառնալով մերժված դիմումներին՝ Նաիրա Մարգարկանն ասաց, որ մերժված դիմումների թիվը 350 է։ Ըստ նրա, մերժման հիմնական պատճառներն են՝ ոլորտային անհամապատասխանությունը, հարկային բարվոք պատմություն չունենալը և այն, որ  ՓՄՁ-ների շրջանառությունը եղել է 24 մլն-ից ցածր կամ 500 մլն-ից բարձր։

  • Կիսվել: