չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փոփոխություններ՝ առանց մաքսատուրքերի ներմուծվող ապրանքների սահմանաչափերում

Փոփոխություններ՝ առանց մաքսատուրքերի ներմուծվող ապրանքների սահմանաչափերում

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց համապատասխան որոշում, որ նախատեսվում է փոփոխություններ կատարել առանց մաքսատուրքերի ներմուծվող ապրանքների սահմանաչափերում:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, որ 2015-ին կայացվել էր որոշումը, որը կարգավորում էր ՀՀ տարածք ներմուծվող ապրանքների սահմանաչափերը, որոնց գերազանցման դեպքում՝ գերազանցված չափերի համար ավելացված արժեքի հարկ էր հաշվարկվում: Որոշման համաձայն, այդ չափը 25 կգ-ից դարձավ 50 կգ, որը, սակայն,  բացասական ազդեցություն ունեցավ շուկայի վրա

Մասնավորապես, ըստ Դավիթ Անանյանի, քաղաքացիները փորձել են ուղեկցող բեռների անվան տակ ներմուծել ակնհայտ բիզնես մտադրությամբ ներմուծվող ապրանքներ: «Շատ տնտեսվարողների իրենց ապրանքների ներմուծման ժամանակ մինչև սահմանը հատելը ֆիզիկական անձանց ուղղորդում էին, որ նրանք 50 կգ-ներով այդ ապրանքը ներմուծեն որպես ուղեկցող բեռ: Սա ներքին շուկայի համար շատ մեծ ցնցումներ առաջացրեց և մեծ մտորումների տեղիք տվեց»,- ասաց նա։

Արդյունքում, ինչպես նշեց ՊԵԿ ղեկավարը, 2018-ի նոյեմբերի 1-ին փոփոխվեց և սահմանաչափը նորից 50 կգ-ից իջավ 25 կգ-ի:

Դավիթ Անանյանի խոսքով՝ այսօր գործադիրի նիստում ընդունված որոշման նպատակն է ներքին տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում վեր հանված ռիսկերի հիման վրա որոշ ապրանքների համար այնպիսի սահմանաչափեր սահմանել, որոնք ակնհայտորեն սեփական օգտագործման համար բավական նորմալ սահմանաչափեր են, սակայն բիզնեսի համար չեն կարող դիտվել որպես շահեկան:

Մասնավորապես, միս և մսային որոշ ենթամթերքների, ձկների, խեցգետնանմանների, կակղամորթներ ներմուծելիս սահմանված է 30 կգ, այժմ այդ չափը սահմանվում է 25 կգ։ Կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր ապրանքների համար ևս սահմանաչափը 30-ից դարձնում են 25 կգ: Իսկ սուրճ ու թեյ ներմուծելու համար սահմանաչափը 15 կգ-ից  նվազեցվում է՝ հասնելով 10 կգ-ի։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց՝ տեղեկացված է, որ սա բիզնես է դարձել, մասնավորապես, ավտոմեքենաներով մարդիկ աշխատում են այս ուղղությամբ, իսկ հիմա չափաքանակները նվազեցնելով, ուղղակի ավելի շատ մարդ կարող է օգտվել։

  • Կիսվել: