հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Փոփոխություն է նախատեսվում հողը օտարելուց առաջ հարկի վճարումների կարգում

Փոփոխություն է նախատեսվում հողը օտարելուց առաջ հարկի վճարումների կարգում

Ազգային ժողովում քննարկվել է պատգամավորներ Արգիշտի Մեխակյանի և Գևորգ Պապոյանի ներկայացրած՝ «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արգիշտի Մեխակյանը ներկայացրել է, որ նախագծով առաջարկվում է, որ ֆիզիկական անձինք, հողը օտարելուց առաջ, օտարման ամիսն ընդգրկող ժամանակահատվածը ներառյալ, կատարեն տվյալ հողի մասով հողի հարկի վճարումներ: Օրենքի գործող կարգավորմամբ, եթե վաճառողը չի կատարել հողի հարկի վճարումը, ապա այն փոխանցվում է նոր սեփականատիրոջը, ինչի մասին պարտավոր չէ տեղյակ պահել գնորդին: Նոտարի կողմից օտարման պայմանագրում մեծ մասամբ չի նշվում, որ հողի հարկի պարտավորությունը փոխանցվում է նոր սեփականատիրոջը, և նոր սեփականատերը պարզում է, որ իրեն է փոխանցվել նախորդ սեփականատիրոջ կողմից տարիներով չվճարած հողի հարկի գումարը` իր տույժ-տուգանքներով: Առաջարկվող կարգավորումը միտված է բացառելու վերը նշված խնդիրները:

Մեխակյանն ընդգծել է, որ սահմանվելու է, որ ֆիզիկական անձինք հարկման օբյեկտ հանդիսացող հողի  հարկի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը: Բացառություն է, երբ օտարումը կատարվում է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից:

  • Կիսվել: