շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ-ի ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարության միջև

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ-ի ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարության միջև

Միավորված ազգերի կազմակերպության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում կայանալիք 27-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում (Շարմ Էլ Շեյխ) գտնվող Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և Կիպրոսի Հանրապետության գյուղատնտեսության, գյուղի զարգացման և շրջակա միջավայրի նախարար Կոստաս Կադիսը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Այս մասին տեղեկացնում է նախարարությունը։

Կողմերը կնքել են սույն հուշագիրը՝ գիտակցելով շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների ճիշտ օգտագործման վրա ուշադրություն գրավելու կարևորությունը և ակնկալելով հետագայում զարգացնել համագործակցությունը երկու պետությունների միջև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։

Համաձայն հուշագրի կողմերի համագործակցությունը լինելու է հետևյալ ոլորտներում՝

կենսաբազմազանություն և բնական ռեսուրսների կայուն օգտագործում,
կլիմայի փոփոխություն,
ջրային ռեսուրսների կառավարում,
թափոնների և վտանգավոր նյութերի կառավարում,
անտառների կայուն կառավարում,
բնության հատուկ պահպանվող տարածքների կայուն կառավարում,
շրջակա միջավայրի մոնիթորինգի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համակարգերի կատարելագործում:

Կողմերը կգործադրեն առավելագույն ջանքեր՝ նպաստելու շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցային նախագծերի և գործողությունների համատեղ իրականացմանը՝ համաձայն երկու պետությունների ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների ու նորմերի:

Կողմերը իրար հրավիրել են միմյանց երկրներ փոխադարձ այցելության: Նախարարի տեղակալը ակնկալում է Հայաստանում էկոկրթության շուրջ աշխատաժողով կազմակերպել:

  • Կիսվել: