ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Փոխվարչապետն ԱՊՀ-ից հյուրերի է հրավիրել մարզական մայրաքաղաք Գյումրի

Փոխվարչապետն ԱՊՀ-ից հյուրերի է հրավիրել մարզական մայրաքաղաք Գյումրի

ԱՊՀ երկրների միջև մշակութային և գիտական ոլորտում շփումների խորացումն առանձնակի կարևորություն է ստանում արագ փոփոխվող աշխարհում: Մոսկվայում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
 
Նա շնորհակալություն է հայտնել Ղրղզստանի գործընկերներին անցնող տարում ԱՊՀ մարմիններում նախագահության համար և շնորհավորել ռուսական կողմին 2024 թվականին նախագահությունը ստանձնելու առիթով: ՀՀ փոխվարչապետը նաև շնորհակալություն է հայտնել ռուսական պատվիրակությանը և անձամբ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին բովանդակալից քննարկումներ կազմակերպելու և Ամանորին ընդառաջ ԱՊՀ գործընկերների հետ առաջնահերթությունները ճշտելու հնարավորության համար:
 
Նա ողջունել է հանդիպումն առավելապես մշակութային-հումանիտար և գիտակրթական խնդիրներին նվիրելու նախաձեռնությունը՝ հավելելով, որ գլոբալ գործընթացների համատեքստում այդ ոլորտները բացառիկ կարևորություն են ստանում: Փոխվարչապետն ընդգծել է, որ գիտական մշակումներում համագործակցությունը հնարավորություն է ստեղծում տնտեսության առաջանցիկ աճի համար։
 
Գրիգորյանը կարևորել է երկրների միջև մշակութային և հումանիտար փոխանակումը։ Հիշեցրել է, որ 2024 թվականին ԱՊՀ մարզական մայրաքաղաք է ճանաչվել Գյումրին: Այստեղ կանցկացվեն սպորտային միջոցառումներ։ Նա հրավիրել է ԱՊՀ երկրներից հյուրերի՝ մասնակցելու միջոցառումներին։
Գրիգորյանը հիշեցրել է նաև, որ դեկտեմբերի սկզբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի նիստում Գյումրու դարբնագործության ավանդույթները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

  • Կիսվել: