երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Փոխվարչապետ Գրիգորյանը և ԵՄ պաշտոնավարումն ավարտող դեսպանը բարձր են գնահատել համագործակցության ձեռքբերումները

Փոխվարչապետ Գրիգորյանը և ԵՄ պաշտոնավարումն ավարտող դեսպանը բարձր են գնահատել համագործակցության ձեռքբերումները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, ով ավարտում էդիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։

Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը անձամբ իր եւ Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում, մասնավորապես Հայաստանի համար դժվար ժամանակահատվածում, կատարված կարեւոր աշխատանքի եւ ներդրված ջանքերի համար:

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի եւ իր պաշտոնավարման ընթացքում ձեւավորված արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով ԵՄ պատրաստակամությունը շարունակելու աջակցել Կառավարության բարեփոխումներին:

Զրուցակիցները երկուստեք բարձր են գնահատել համագործակցության արդյունքում արձանագրված ձեռքբերումները ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման ուղղությամբ: Մասնավորապես՝ ընդգծվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում իրականացված բարեփոխումները, ինչպես նաեւ Տնտեսական եւ ներդրումային պլանի ներքո մշակված եւ իրականացվող ծրագրերը, որոնք հիմնարար նշանակություն ունեն երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար: Այս համատեքստում փոխվարչապետն ընդգծել է, որ Կառավարության համագործակցությունը Եվրոպական միության հետ արդեն մի քանի տարի ինստիտուցիոնալ բնույթ է կրում՝ տարբեր հարթակների միջոցով կողմերի միջեւ ապահովելով պարբերական եւ կառուցողական քննարկումներ ի նպաստ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը:

  • Կիսվել: