երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փոխքաղաքապետը միասնական տոմսային համակարգի սակագների հաշվարկների մասին պարզաբանումներ է ներկայացրել

Փոխքաղաքապետը միասնական տոմսային համակարգի սակագների հաշվարկների մասին պարզաբանումներ է ներկայացրել

Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծում կատարված հաշվարկների հիմքում դրվել է քիչ սուբսիդավորման կամ ոլորտի ինքնածախսածածկ դառնալու գաղափարը։

Այս մասին Երևանի ավագանու փետրվարի 13-ի նիստին ասել է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նախագծի հիմքում ընկած որոշ հաշվարկների։

Նրա խոսքով՝ ելակետային են համարել օրական 550 հազար ուղևորի կանխավարկածը՝ հիմք ընդունելով վերգետնյա տրանսպորտի 2014 թվականի համապատասխան ուսումնասիրություններն ու 2018-ի կետային ստուգումները, իսկ մետրոպոլիտենի դեպքում միջինացված թիվը կազմում է օրական մոտ 85 հազար։

Ըստ փոխքաղաքապետի՝ նախագծով առաջարկվող սակագինը հաշվարկվել է առանց ստվերի գործոնի՝ հաշվի առնելով, որ քաղաքապետարանը 100 տոկոս հավաքագրում է ապահովելու։

Գրիգորյանը հնչեցրել է նաև մեկ ուղևորության ինքնարժեքը, որը կազմում է ավելի քան 200 դրամ։

Քննարկմանը նա ավելի վաղ նշել էր, որ համայնքային բյուջեից սուբսիդավորումը 2023 թվականին կազմել է 7 միլիարդ դրամ, որն աճի տենդենց ունի։

Անդրադառնալով ավագանու անդամների համապատասխան հարցերին՝ փոխքաղաքապետը պարզաբանել է, որ միասնական տոմսային համակարգի որոշ փաթեթներ կլինեն անվանական և ուղևորը միայն ինքն իր համար կվճարի։

 

Համակարգի ներդրումը ենթադրում է, որ հնարավորություն է տրվելու մեկ տոմսով օգտվել տրոլեյբուսից, ավտոբուսից և մետրոյից։

Ինչ վերաբերում է արտոնությունների սահմանմանը ու առաջարկվող փաթեթների սակագներին, ապա ըստ Գրիգորյանի, արտոնյալ խմբերի և տրամադրվող արտոնությունների չափի, ինչպես նաև սակագները վերանայելու վերաբերյալ պետք է լրացուցիչ քննարկումներ լինեն։

  • Կիսվել: