Պետությունն ունի ռեզերվներ և պիտի աջակցի քաղաքացիներին. Մարուքյան
Այսօր քաղաքացիները հայտնվել են մի իրավիճակում, երբ որ պետությունը միջամտել է նրանց տնտեսական գործունեության մեջ և դադարեցրել է մի շարք ընկերությունների գործունեությունը, այսինքն՝ պետականորեն արգելված է։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան։
«Պատկերացնենք՝ Չարենցավանից Երևան եկած մի կին, որն ինչ որ սրճարանում մատուցողուհի է աշխատել, հիմա տան վարձը վճարելու խնդիր ունի, կոմունալները վճարելու խնդիր ունի, վարկ ունի, որը չի կարողանում վճարել, այսինքն՝ այս խնդիրները կան և սա մի մարդու մասին չէ խոսքը, հազարավոր մարդկանց մասին է խոսակցությունը գնում։ Պետությանը կոչ ենք արել, որ ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրի մեր այն քաղաքացիներին, որոնք աշխատում են այն ոլորտներում, որոնք այսօր ամենախոցվածն են։ Սա նոր հեծանիվ չի, ամբողջ աշխարհում այս մեթոդն է կիրառվում, սկսած ԱՄՆ-ից»,- ասաց պատգամավորը։
Հարցին արդյոք պետությունն ունի՞ այդքան միջոցներ, որպեսզի նշված քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրի, Մարուքյանը պատասխանեց. «Պետությունն ունի ռեզերվներ և պիտի աջակցի, ոչ թե ասի գնացեք 0 տոկոսով վարկ վերցրեք, որն, ըստ էության, անարդյունավետ միջոց է, որովհետևւ հիմա վտանգ կա, որ բանկերն իրենց մտերիմ գործարարներին կտան այդ 0 տոկոսով վարկերը, նրանք իրենց բարձր տոկոսով վարկերը կփակեն և կունենան 0 տոկոսով վարկ։ Այսինքն՝ դա չի հասնի քաղաքացուն, որը տուժված է։ Հետևաբար, երբ մարդիկ բանկերից բողոքում են, պետք չէ նրանց հետ ուղարկել բանկեր»։
Օրինակ, ըստ Էդմոն Մարուքյանի, Միացյալ նահանգներում նշված աջակցությունը ծրարով ուղարկվում է մարդկանց տներ։
Լրագրողի հարցին, որ Գագիկ Ծառուկյանն ասել է ինչո՞ւ պետք է ինքը վճարի, ով արտակարգ դրություն մտցրել է, թող նա էլ աշխատակիցներին վճարի, արդյոք կիսո՞ւմ է այդ մոտեցումը, Մարուքյանը պատասխանեց. «Ես չեմ կարող մեկնաբանել խոշոր սեփականատերերի հայտարարությունները։ Ես մինչ այդ ես հայտարարել եմ, որ բոլոր այն ոլորտները, որոնք փակվել են պետության միջամտությամբ, ապա պետությունը պետք է աջակցի»։
Դիտարկմանը՝ դա նշանակում է, որ ինքը կիսում է Ծառուկյանի մոտեցումը, Մարուքյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում կիսում եք մոտեցումը, դա ես եմ ասել սկզբից, Գագիկ Ծառուկյանը չի ասել, ինձանից հետո է Գագիկ Ծառուկյանն ասել, ուղղակի տարբերությունն այն է, որ ես չունեմ հազարավոր աշխատողներ, ինքն՝ ունի»