երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում կվերացվեն անձնագրային ծառայությունում առկա խնդիրները․ ծրագիրը հաստատվեց

Պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում կվերացվեն անձնագրային ծառայությունում առկա խնդիրները․ ծրագիրը հաստատվեց

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագիրը։  Կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ 

«Ներկայում անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքը և գույքը կառավարվում է ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության և արտաքին գործերի նախարարության կողմից։ Քաղաքացիները 2023 թվականի փետրվարի 15-ից ստանում են հին նմուշի ոչ կենսաչափական անձնագրեր և առանց էլեկտրոնային կրիչների նույնականացման քարտեր, քանի որ առկա ենթակառուցվածքները արդիական չեն և չեն ապահովում թվային միջավայրում նույնականացման ժամանակակից պահանջներ։

Միաժամանակ, ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթների թողարկման ու տրամադրման կապակցությամբ առկա են ծառայությունների մատուցման որակի հետ կապված էական խնդիրներ՝ մասնավորապես, եղած պահանջարկը պատշաճ բավարարելու հնարավորություն, հերթերի կառավարում։ Կենդանի հերթերի պարագայում ամառվա սեզոնին կուտակումները չափազանց մեծ են լինում։ Էլեկտրոնային հերթագրման պարագայում հերթը ձգվում է ավելի քան մեկ ամիս, ուստի հարցի հիմնարար և որակյալ լուծումը ոչ թե մարդկային ռեսուրսների պարզ ավելացումն է, այլ թվային լուծումների ներդրումը»,- ասաց Ղազարյանը։

Չնայած ներքին գործերի նախարարության կազմում միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստեղծմամբ ՀՀ քաղաքացիություն և օտարերկրացիների վերաբերվող ծառայությունները փոխադրվում են քաղաքացիական հիմունքներով սպասարկման դաշտ, այդուհանդերձ, ըստ ՆԳ նախարարի, ՀՀ տարածքում գործող անձնագրային ստորաբաժանումները չունեն բավարար նյութական, երբեմն նաև շենքային պայմաններ։

«Գործընթացների կազմակերպումը ժամանակավրեպ է և ոչ արդյունավետ։ Ոլորտը տարիներ շարունակ չի արդիականացվել, գործառույթները իրականացվել են թղթային դիմումներով, ինչի հետևանքով տասնյակ տարիների ընթացքում կուտակվել են գործառնական նշանակության մեծամասշտաբ արխիվներ, ինչը նաև տվյալների անվտանգության տեսանկյունից չափազանց ռիսկային է»,- ընդգծեց Ղազարյանը։

ՆԳ նախարարը խոսեց նաև անձնագրային ծառայությունների մատուցման ցածր որակի մասին։

«Քաղաքացիների շրջանում տարիներ շարունակ կուտակվում էր բացասական փորձառություն անձնագրային ծառայություններ ստանալու առնչությամբ, ինչը առաջ է բերում հիմնարար դժգոհություն։ Ծրագրի իրականացման արդյունքում պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով կներգրավվի մասնավոր գործընկեր, որը լավագույն փորձը ու գիտելիքները կներդնի Հայաստանում ճամփորդական և անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացում թե՛ գործառնական, թե՛ շուկայավորման ու առաջխաղացման տեսանկյունից՝ նպատակ ունենալով հասցեագրել և լուծել վերջնական օգտագործողների առջև ծառացած խնդիրները։ Պետական մարմինները իրենց հերթին մասնավորից կվերցնեն ժամանակակից ստանդարտները և հետ չեն մնա արդիականացման միտումներից»,- ասաց Ղազարյանը։

Նախարարը հավելեց նաև, որ նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականի ծրագրից Հայաստանի թվայնացման և հանրային կառավարման բարեփոխումները ռազմավարությունից և համաձայնեցված է շահագրգիռ մարմինների հետ։

  • Կիսվել: