շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Պետք է էլի ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ, դա մեր հանձնառությունն է. Վարչապետ

Պետք է էլի ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ, դա մեր հանձնառությունն է. Վարչապետ

Հայաստանը գյուղատնտեսության ոլորտում շարունակում է անկման դինամիկայի մեջ մնալ, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին մենք գյուղատնտեսական արտադրանքի 0,7 տոկոսի անկում ենք ունեցել, բայց, մեծ հաշվով, տնտեսական իրավիճակը մեր երկրում լավ է, ու 2022 թվականի սեպտեմբերին մենք արձանագրել ենք 14,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ», - ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ եթե լավատեսական կանխատեսումներն իրականություն դառնան, ապա, միջինում, 2019, 2020, 2021 ու 2022 թվականներին 7 տոկոսանոց աճի տեմպը պահպանվել է։

«Այս տարվա բարձր տնտեսական աճը մեզ համար որոշակի ռիսկեր է առաջ բերում, մենք մյուս տարի այս բարձր տեմպերի վրա պետք է ապահովենք էլի 7 տոկոս տնտեսական աճ, դա մեր հանձնառությունն է», - ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, թե 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը եկամուտ-աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր  ռեկորդ է սահմանել։

«2022 թվականի սեպտեմբերին ունեցել ենք 691 հազար 87 աշխատատեղ, որը նախորդ ռեկորդից ավելի է 10 հազարով», - նշեց նա։

Ըստ նրա՝ 2018 թվականից ի վեր՝ Հայաստանում 108 հազար նոր աշխատատեղ է ի հայտ եկել, ստեղծվել։

  • Կիսվել: