երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պետպատվերի նոր մոտեցումն անհամեմատ ավելի արդյունավետ է. Ավետ Մանուկյան

Պետպատվերի նոր մոտեցումն անհամեմատ ավելի արդյունավետ է. Ավետ Մանուկյան

Անցած տարեվերջին կառավարության նիստում հաստատված  որոշմամբ՝ առաջարկվում է ՀՀ պետբյուջեի «Առողջապահություն» բաժնի թվով 17 միջոցառումների փոխհատուցումն իրականացնել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով՝ 6 ամիս ժամկետով, փորձարարական կարգով: Ըստ հիմնավորման՝ սա հնարավորություն կտա վերացնել բժշկական օգնության եւ սպասարկման ֆինանսական սահմանափակումները՝ կապված պայմանագրային գումարի ամսական համամասնության հետ, կվերանա պարբերաբար իրականացվող կազմակերպությունների պայմանագրային գումարների հաճախակի վերաբաշխման անհրաժեշտությունը, հերթագրումներ կիրականացվեն միայն բուժհաստատությունների թողունակության անբավարարության կամ պետական բյուջեով տվյալ ծրագրի համար հատկացված ընդհանուր գումարի համամասնության ավարտման դեպքում:

Կառավարության նույն նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ «կունենանք ընդհանուր բյուջե և այդ բյուջեն կծախսվի ըստ ուղեգրված քաղաքացիների ընտրության։ Այսինքն` նրանք որ հիվանդանոց, բժշկական կենտրոն կգնան՝ ծառայություն կստանան, ԱՐՄԵԴ -ում այդ ծառայությունը կգեներացվի, դրանից առաջ կգեներացվի նաև ուղեգրումը, և պրոցեսները կլինեն ըստ այդմ»:

Նոր համակարգի ներդրման  և դրա  արդյունավետության մասին «Արմենպրես»-ը զրուցել է էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը սպասարկող և գործարկող  «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանի հետ:

-Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում այս նոր մոտեցման ներդրումը:

-Սա միանշանակ ավելի արդյունավետ է, քան մինչև այս գործող՝ ըստ սահմանաչափերի մոտեցումը: Նախկինում հիվանդանոցները պետպատվերի պայմանագիր կնքելիս ստանում էին տարեկան սահմանաչափեր: Արդյունքում, հատկապես որոշ, ավելի հեղինակավոր հիվանդանոցներում արդեն սեպտեմբերին սպառվում էր տարվա սահմանաչափը, և այնտեղ դիմող քաղաքացին կա՛մ ստիպված էր լինում վճարել բուժծառայության համար, կա՛մ փնտրել այլ բուժհաստատություն, որտեղ պետպատվերը դեռ սպառված չէր: Իսկ այս նոր մոտեցման համաձայն՝  հիվանդանոցը գիտի, որ վճարվելու է ըստ պետպատվերի շահառու հանդիսացող քաղաքացիների սպասարկման թվի. որքան շատ պետպատվերով բուժվող պացիենտ ունենա, այնքան նրան ավելի շատ գումար կփոխանցվի, հիվանդանոցների համար այլևս չկա սահմանաչափ:

Այս նոր մոտեցման մյուս դրական կողմն այն է, որ այն խթանելու է բուժհաստատությունների միջև մրցակցությունը: Քաղաքացին ցանկանալու է սպասարկվել ավելի որակյալ ծառայություն մատուցող հիվանդանոցում,  և այն  բուժհաստատությունները, որոնք քիչ պացիենտներ կունենան, արդեն ստիպված կլինեն աշխատել իրենց զարգացման վրա:

-Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ  «հերթագրումներ կիրականացվեն միայն բուժհաստատությունների թողունակության անբավարարության կամ պետական բյուջեով տվյալ ծրագրի համար հատկացված ընդհանուր գումարի համամասնության ավարտման դեպքում»: Եթե ավելի պարզ նկարագրենք, ի՞նչ է սա նշանակում և ինչպե՞ս է կատարվելու հերթագրումը, որն իրականացվելու է ԱՐՄԵԴ-ի միջոցով:

- Նախկին մոտեցման համաձայն՝ հերթագրումն իրականացվում էր հիմք ընդունելով բուժհաստատությունների սահմանաչափերը:  Եթե  հիվանդանոցն ամսական ուներ «իքս» գումարի սահմանաչափ, բայց դա արդեն սպառվել էր անհետաձգելի բուժման ենթակա դեպքերի մեծ քանակի պատճառով, և անգամ այդ նույն ամսվա ընթացքում սպառվել էր հաջորդ ամսվա համար նախատեսված սահմանաչափը, ապա այդ  բուժհաստատությունում պլանային  բուժման համար հերթագրում հնարավոր էր իրականացնել միայն հաջորդ ամիսներին:

-Եվ ստացում էր այնպես, որ որակյալ բուժծառայություն մատուցող հիվանդանոցներում պետպատվերը շատ ավելի վաղ էր ավարտվում, քանի որ դիմողները շատ էին: Մեկ տարվա սահմանաչափը սպառվում էր գրեթե կես տարում:

-Այո, այդ խնդիրը կար:  Հիմա արդեն սահմանաչափերը հանվում են, մենք ունենում ենք մեկ ընդհանուր՝ հանրապետական սահմանաչափ (պետպատվերի տարեկան ընդհանուր գումարը՝ բաժանած օրերի) և մեկ հանրապետական հերթ (անհետաձգելի դեպքերը միշտ էլ արտահերթ են սպասարկվում, խոսքը պլանային դեպքերի հերթի մասին է):

Դա նշանակում է, որ եթե պացիենտի ուղեգրումից հետո պետպատվերի կոնկրետ   հոդվածի գծով առկա է ֆինանսավորում, հենց այդ օրն էլ պացիենտը կարող է սպասարկվել: Եթե բուժհաստատություններն ընդունել են ավելի շատ անհետաձգելի բուժման ենթակա դեպքեր, և, օրինակ, առաջիկա մեկ շաբաթվա համար ամբողջ հանրապետական բյուջեն սպառված է, ապա պլանային հերթագրումը կատարվում է այդ մեկ շաբաթից հետո: Պետք է հաշվի առնել, որ անկախ նրանից՝ հիվանդը որ հիվանդանոց է դիմում, հանրապետական հերթը մեկն է, և նշված  օրը նա կարող է սպասարկվել իր նախընտրած  ցանկացած հիվանդանոցում, որը, իհարկե, մատուցում է անհրաժեշտ բուժծառայությունը:

-Այսինքն, հնարավոր կլինի՞ խուսափել նրանից, որ պետպատվերը տարվա կեսին չսպառվի:

-Էլեկտրոնային հերթագրման մեխանիզմը հնարավորություն է տալու կանոնակարգելու գործընթացները, որպեսզի նախատեսված գումարների  բաշխումը տարվա ընթացքում հնարավորինս համաչափ լինի, ամսական  հանրապետական սահմանաչափերը չգերազանցվեն:

-Կարո՞ղ են լինել դեպքեր, երբ  հերթագրման օրը պացիենտը գնա «իքս» հիվանդանոց, բայց այնտեղ մերժեն ընդունել՝ ասելով,  որ տեղ չունեն:

- Նման բան թույլ  չտալու համար հիմա Առողջապահության  նախարարության հետ համատեղ հիվանդանոցների մահճակալային ֆոնդի վերահսկողության գործիք  է ներդրվում, ինչպես, ըստ էության,  COVID-ի համավարակի ժամանակ  էր:  Բուժհաստատություններն  իրենց մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության վերաբերյալ տվյալները (թե՛ պետպատվերի, թե՛ վճարովի ծառայությունների համար նախատեսված)  իրական  ռեժիմով  պետք է մուտքագրեն  ԱՐՄԵԴ համակարգ:

Դա  հնարավորություն կտա նաև լիազոր մարմնին վերահսկել բուժհաստատությունների կողմից պացիենտին հերթագրելու կամ  մերժելու հիմքերը։ Բնականաբար, եթե համակարգը ցույց է տալիս, որ  տվյալ բուժհաստատությունում կան ազատ մահճակալներ, ապա  բուժհաստատությունը չի կարող մերժել  պացիենտին։ Կամ, եթե իրականում չկան ազատ տեղեր հիվանդանոցում, բայց համակարգում այդպես է երևում, ապա բուժհաստատությունը պետք է արագ թարմացնի տվյալները:

-Գիտեմ դեպքեր, երբ քաղաքացին գնում է բուժվելու, կատարվում են տարբեր զննություններ, հետո պարզվում է, որ հայտնաբերված հիվանդությունը պետպատվերի շրջանակում է բուժվում, բայց միևնույն է, քաղաքացին այդպես էլ  կատարված հետազոտությունների համար չի ստանում փոխհատուցում: Ստացվում է, որ մի մասը  դարձյալ ինքն է վճարում:

-Դա էլ է կարևոր պահ: Այո, կարող են, իհարկե, լինել դեպքեր, երբ պացիենտի ախտորոշումը երկակի է: Այսինքն, միայն որոշակի  հետազոտություններից ու զննություններից հետո է պարզ դառնում պետպատվերով փոխհատուցման հնարավորությունը:

Որպեսզի, ինչպես նշեցիք, քաղաքացին փոխհատուցում ստանա, ապա բուժհաստատություններն իրենց կողմից սպասարկված բոլոր այցերը և կատարված գործողությունները, անկախ նրանից, վճարովի հիմունքներով են իրականացվում, թե պետպատվերով, պետք է մուտքագրեն ԱՐՄԵԴ էլեկտրոնային համակարգ: Եթե համակարգում այդ հետազոտություններն արդեն  արձանագրված են,  ապա պետությունը քաղաքացու՝ նախնական զննությունների դիմաց կատարված վճարումները կփոխհատուցի, եթե դրանք ընկնում են պետպատվերի տակ: Իսկ եթե այդ զննությունները համակարգում ֆիքսված չեն,  թափանցիկ չեն վճարող մարմնի համար, ապա հնարավոր չի լինի վերահսկել և համապատասխանաբար դրա դիմաց փոխհատուցել: Այսինքն, բուժհաստատությունների կողմից տվյալների ամբողջական մուտքագրումը ևս  մեկ գործիք  է՝ հնարավոր  կրկնակի վճարումները բացառելու համար: Եթե զննությունը պետպատվերի շրջանակից դուրս է, վճարում է քաղաքացին, եթե պետպատվերի շրջանակում է,  վճարում է պետությունը:

- Քանի որ ԱՐՄԵԴ-ը պատասխանատու է էլեկտրոնային լուծումների համար՝ ի՞նչ գործիքակազմ պետք է ներդնել օգնելու համար, որպեսզի այս համակարգը արդյունավետ գործի:

-Զուգահեռ աշխատում ենք մի քանի նոր գործիքակազմ ներդնելու ուղղությամբ, որոնք ուղղված են հենց արդյունավետության բարձրացմանը: Դրանք

ենթաախտորոշումներին  և ավելի նեղ  ախտորոշման խնդիրներին են վերաբերում:  Այդ գործիքակազմերի ներդրումը կօգնի վերլուծություն տալ պետությանը, թե  նույն  սեռատարիքային խմբում գտնվող, նույն հիվանդությունը, նույն բարդություններն ունեցող պացիենտին բուժելիս՝ որ բուժհաստատությունն է ավելի ռացիոնալ և ավելի արդյունավետ բուժման սխեմաներ կիրառում: Եվ սա կօգնի պետությանը համապատասխան հետևություններ անել: Սա ապագայի հարց է արդեն, և այս  գործիքների ներդրման ուղղությամբ ևս աշխատում ենք:

  • Կիսվել: