երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պետական ծրագրով Սեւանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 100 հազար հատ մանրաձուկ

Պետական ծրագրով Սեւանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 100 հազար հատ մանրաձուկ

Նոյեմբերի 16-ին, պետական ծրագրի շրջանակներում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Կարաճաղբյուր գյուղի՝ «Սեւանի իշխան» ՓԲԸ ձկնաբուծական գործարանից Սեւանա լիճ բաց թողնվեց Սեւանի իշխանի «Գեղարքունի» տեսակի 100 հազար հատ մանրաձուկ՝ 3,9 գրամ միջին քաշով։

Բնապահպանական միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, «Սեւան Ազգային պարկ»-ի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, «Սեւանի իշխան»ՓԲԸ ներկայացուցիչներ։

«Սեւանի իշխան» ՓԲԸ տնօրեն Տիգրան Վարդանյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականի ընթացքում սա նմանատիպ երկրորդ միջոցառումն է, որի արդյունքում, ընդհանուր գումարով, Սեւանա լիճ է բաց թողնվում «Գեղարքունի» տեսակի 230 հազար հատ մանրաձուկ։

«Առաջին միջոցառումն իրականացվել է 2023 թվականի գարնանը, երբ մեր ընկերությանը պականող ձկնաբուծական գործարանից Սեւանա լիճ բաց թողեցինք 130 հազար հատ իշխանի մանրաձուկ, իսկ երկրորդ անգամ դա անում ենք աշնան վերջին՝ լիճ բաց թողնելով եւս 100 հազարի չափով։ Եկող տարի ծրագրել ենք այս քանակը հասցնել 300 հազարի, իսկ հետագա տարիներին աստիճանաբար ու էականորեն ավելացնել նախկին ցուցանիշները»,-ներկայացրեց Տիգրան Վարդանյանը։

«Շրջակա միջավայրի նախարարության ընթացիկ ծրագրում նաեւ Սեւանի իշխանի պահպանության ու վերարտադրության քաղաքականությունն է, որի շրջանակներում էլ այսօր իրականացնում ենք այս միջոցառումը։ Միաժամանակ մեր ուշադրության կենտրոնում են Սեւանա լճի եւ լիճ թափվող գետերի ջրային եւ կենդանական ռեսուրսների պահպանության խնդիրները, որոնց փորձում ենք լուծում տալ մեկ ընդհանուր ծրագրային փաթեթով, իրար փոխկապակցված ու փոխլրացնող քայլերի իրականացմամբ։ Ու կարծում եմ, որ կհասնենք հաջողության»-ներկայացրեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։

  • Կիսվել: