ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՊԵԿ-ը կանխել է Հայաստանի տարածքով թմրանյութի տարանցիկ փոխադրման փորձ

ՊԵԿ-ը կանխել է Հայաստանի տարածքով թմրանյութի տարանցիկ փոխադրման փորձ

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցների հետ համատեղ կանխել են խոշոր չափի թմրանյութի՝ մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքով տարանցիկ փոխադրման հերթական դեպքը։  

Ինչպես  InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հսկողության արդյունքում վարչության աշխատակիցները զննության  են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած Իրանի քաղաքացու ուղեբեռը: Արդյունքում ուղեբեռում հայտնաբերվել է շուրջ 5կգ ընդհանուր քաշով 3 ներքնակ, որոնց սպունգները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրանյութի փոշենման զանգվածով:

Դեպքի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հատկանիշներով: Իրանի քաղաքացին ձերբակալվել է: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

  • Կիսվել: