կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծված  ադամանդանման քարեր

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծված ադամանդանման քարեր

Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների  մաքսային սպասարկան և հսկողության բաժնի, ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների մաքսային ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում մաքսային հսկողության է ենթարկվել Շարժա-Երևան չվերթով ժամանած  ՀՀ քաղաքացի Մ․Մ-ն և վերջինիս ուղեբեռը: Հսկողության  արդյունքում, քաղաքացու դրամապանակից հայտնաբերվել է ադամանդանման թափանցիկ 1 քար, իսկ ճամպրուկի մեջ գտնվող տաբատի  գոտկամասի հատվածից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, տարբեր տրամաչափերով ադամանդանման թափանցիկ 28 քար։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից:

«Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն` մշակված բնական ադամանդներն ընդգրկված են նույն որոշմամբ սահմանված ցանկում, և մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ հայտնաբերված 29  ադամանդանման թափանցիկ քարի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանաված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը:

Վերոգրյալի հիման վրա` ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ձերբակալել և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն են տեղափոխել քաղաքացի Մ․Մ․-ին: Վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է։

  • Կիսվել: