ՊԵԿ-ի հուլիսյան հսկողության արդյունքները․ 355 խախտում և 144.5 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ Կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում ընդունելու դեպքում, իսկ վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել այդ մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում գրանցման հայտի ներկայացումը հարկային մարմին, կամավոր աշխատողի դեպքում՝ պայմանագրի կնքումը:
Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։
Ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից 2026 թվականի հուլիս ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները:
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 269 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է 86.7 մլն դրամ։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերն արձանագրվել են հիմնականում հետևյալ ոլորտներում․
-
մթերային խանութներում ՝ 41 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 16.9 մլն դրամ,
-
մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում՝ 30 խախտում, տուգանքի չափը՝ 7.3 մլն դրամ,
-
հանրային սննդի ոլորտում՝ 27 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 7.6 մլն դրամ,
-
հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 18 խախտում, տուգանքի չափը՝ 5 մլն դրամ,
-
ավտոտեխսպասարկման ծառայության ոլորտում՝ 16 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 3.5 մլն դրամ,
-
մսամթերքի առևտրի ոլորտում՝ 15 խախտում, տուգանքի չափը՝ 4.1 մլն դրամ,
-
կահույքի առևտրի ոլորտում՝ 12 խախտում, տուգանքի չափը՝ 2.5 մլն դրամ,
-
հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում՝ 12 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 2.7 մլն դրամ,
-
դեղերի և բժշկական պարագաների առևտրի ոլորտում՝ 8 խախտում, տուգանքի չափը՝ 3.5 մլն դրամ,
-
այլ ոլորտներում` 90 խախտման դեպք, տուգանքի չափը՝ շուրջ 33.6 մլն դրամ։
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է նաև վարձու աշխատողի չձևակերպման 63 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է 193, իսկ տուգանքի չափը՝ շուրջ 48.3 մլն դրամ։ Վարձու աշխատողի չձևակերպման դեպքերն արձանագրվել են մասնավորապես․
-
շինարարություն ոլորտում՝ 14 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 35, տուգանքի չափը՝ շուրջ 8.8 մլն դրամ,
-
հանրային սննդի ոլորտում՝ 9 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 38, տուգանքի չափը՝ 9.5 մլն դրամ,
-
այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ՝ 40 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 120, տուգանքի չափը՝ 30 մլն դրամ։
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով հարկ վճարողների մոտ արձանագրվել է 23 դեպք: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 9.5 մլն դրամի չափով տուգանք: Խախտումներն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․
-
ատամնաբուժարանի ոլորտում ՝ 4 խախտում, տուգանքի չափը՝ 1.8 մլն դրամ,
-
առողջապահության ոլորտում՝ 3 խախտում, տուգանքի չափը՝ 1.3 մլն դրամ,
-
այլ ոլորտներում` 16 խախտում, տուգանքի չափը՝ 6.4 մլն դրամ։
Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։



