ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պատգամավորները մտահոգություններ ունեն ID քարտերի և կենսաչափական անձնագրերի մասով նախագծի առնչությամբ

Պատգամավորները մտահոգություններ ունեն ID քարտերի և կենսաչափական անձնագրերի մասով նախագծի առնչությամբ

2017 թվականի հունվարի 1-ին ավարտվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված՝ աշխատանքներ են արվել Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման ուղղութամբ: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 14-ի նիստին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Ըստ Արմեն Ղազարյանի՝ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել առավել լայն բարեփոխումներ իրականացրել, այն է՝ ՀՀ-ում ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլև ավելացնել բնակչությանն էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները:

«Առաջարկվող նախագիծն առաջարկում է հնարավորություն տալ լիազոր մարմնին դեռևս տրամադրել հին նմուշի անձնագրեր մինչև համակարգի ամբողջական արդիականացումն ու ներդրումը»,- ասաց Արմեն Ղազարյանը:

Նա նաև հիշեցրեց, որ 2022-ին տեղի է ունեցել տեղեկատվական համակարգերի խորհրդի նիստը, որով հաստատվել են նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման, անվտանգության պայմանները, մրցույթի շրջանակները: Նիստի ընթացքում խորհուրդը վերահաստատել է նոր համակարգի ներդրման մշակման նախընտրելի ձևաչափը, այն է՝ արտապատվիրակումը հանրային-մասնավոր գործընկերության միջոցով: Որոշումը վերահաստատվել է 2023-ին:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վահագն Ալեքսանյանը ներկայացված նախագծի ժամկետների մասով մտահոգություն հայտնեցին, քանի որ այն մի քանի անգամ քննարկվել է ԱԺ-ում, անգամ նշվել է, որ հարցը վերջին անգամ է քննարկվում, սակայն կրկին նախատեսված ժամկետներից ուշացել է: Իսկ ժամկետ էր սահմանվել 2024 թվականի հունվարի 1-ը:

Վահագն Ալեքսանյանը հիշեցրեց՝ նախորդ քննարկման ժամանակ որոշվել էր, որ 2024-ի հունվարից պետք է հասանելի լինեն ID քարտերն ու կենսաչափական անձնագրերը, ապա նշեց, որ հետարքրքվել է ուշացման պատճառներով ու պարզել, որ այն չիպերը, որոնք օգտագործվել են ID-ների և անձնագրերի համար, համարվում են հնացած, և դրանք անհրաժեշտ է փոխարինել դուալ չիպերով:

«Տարուց ավելի է՝ չենք տրամադրում քաղաքացիների ID-ներ, հիմա էլ եթե ընդունենք, առնվազն տարի, տարիուկես կշարունակեք չտալ»,- ասաց Ալեքսանյանը և խնդրեց ժամկետով նշել, թե քաղաքացիները երբ կստանան ID քարտ:

ID-ների տրամադրման դադար չի եղել, նշեց Արմեն Ղազարյանը, ապա պարզաբանեց, որ այժմ չեն կարողանում տրամադրել էլեկտրական նախկին կրիչով ID-ներ, որովհետև դրանք հնացած են ու մաշված, նաև չեն արտադրվում այլևս:

Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա Արմեն Ղազարյանը չնշեց այն, քանի որ կարող են տեխնիկական խնդիրներ առաջանալ:

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքրվեց՝ եթե գործընթացը հանրային-մասնավոր գործընկերության միջոցով է կատարվում, ապա որ մասն է պետությունն իրականացնում, որ մասը՝ մասնավորը:

Ըստ Արմեն Ղազարյանի՝ մասնավորին արտապատվիրակվում է անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրական գործընթացը և ծառայությունների մատուցման կտորը, իսկ պետական լիազորությունների մնացած ամբողջական ծավալը մնում է պետությանը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն իր ելույթի ժամանակ նկատեց, որ սա ոչ միայն ռազմավարական հարց է, այլև ազգային անվտանգության, որովհետև փաստացի մեր բոլոր քաղաքացիների անձնական տվյալների պահպանության մասին է խոսքը:

«Պետք է հասկանանք՝ մասնավոր ի՞նչ ընկերություն է, արդյոք կա՞ օտարերկրյա մասնակցություն, կարող է օֆշորում գրանցված ինչ-որ ընկերություն է, որի տակ ուրիշ օտարերկրյա պետության ներկայացուցիչ է թաքնված»,- ասաց նա, և, այնուամենայնիվ, առաջարկեց կողմ քվեարկել նախագծին, հընթացս լուծել խնդիրները, քանի որ «այլ ելք չունեն» այս պահին:

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը, արձագանքելով նախագծին, նկատեց, որ սա «շատ մեծ խնդիր է»:

«Էլ չեմ ասում օդանավակայաններում տեղի ունեցողը, երբ անձնագրերով մոտենում ես, ամեն երկրորդ երկրում անձնագիրդ վերցնում են, գնում են, բացում են, նայում են, հասկանում են: Ամաչում էլ ես ասել, որ դու պետական պաշտոնյա ես: Դիվանագիտական անձնագրերը՝ նույն իրավիճակում»,- ասաց Ալեն Սիմոնյանը և հորդորեց զբաղվել հարցով՝ որպես առաջնային խնդիր:

ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ևս ելույթի ժամանակ մտահոգություն հայտնեց, թե ինչու հստակ ժամկետ չի նշվում՝ այս անգամ երբ է իրականացվելու ծրագիրը:

«Ինչ-որ գործողությունների արդյունքում վնաս է պատճառվել ՀՀ-ին և ՀՀ քաղաքացիներին, և խնդրում եմ՝ այս հանգամանքը թող ՀՀ գլխավոր դատախազն ընդունի որպես ստուգման ենթակա հաղորդում, եթե անհրաժեշտ է նաև ՊՎԾ-ն ուսումնասիրություններ սկսի այս ուղղությամբ՝ ինչ է կատարվել մինչև այժմ, ինչ թերացումներ են եղել և արդյոք դրանք պատճառական կապ ունեն այսօրվա վիճակի հետ»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

  • Կիսվել: