հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանում լավ ապրելու հնարավորությունները շատացել են. Փաշինյան

Հայաստանում լավ ապրելու հնարավորությունները շատացել են. Փաշինյան

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ Հայաստանում լավ ապրելու հնարավորությունները շատացել են։ Այս մասին նա այսօր ասաց Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ։

«Այս տարվա ընթացքում առաջին անգամ մեր պատմության մեջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն անցել է 2 միլիոնը, և դա` հոկտեմբերի տվյալներով։ Սա հնարավորություն է մեր քաղաքացիների համար, որովհետև այդ տուրիստներն իրենց հետ բերում են գումարներ և ծախսում են մեր շուկայում։ Սա ավելի լավ ապրելու հնարավորություն է փոքր, միջին, խոշոր բիզնեսի համար»,- կարծում է Փաշինյանը։
Նա հավելեց, որ 2018 թվականի համեմատ 2023-ին զբոսաշրջության ֆինանսավորումն ավելացել է 20 անգամ, իսկ 2024-ին աճը կլինի 35 անգամ։ Շեշտեց՝ սա առաջին հերթին արվում է ոչ թե զբոսաշրջիկների, այլ ՀՀ քաղաքացիների լավ ապրելու հնարավորությունը մեծացնելու համար։
 
Հայաստանում լավ ապրելու հնարավորությունների ավելացման շարքում կառավարության ղեկավարը դիտարկում է նաև հուշարձանների ամրակայումն ու նորոգումը։ Նրա խոսքով՝ այս ոլորտում ֆինանսավորումը 2018-ի համեմատ կրկնապատկվել է։
 
«Մեր արժեքներին վերաբերվում ենք այ այսպես․ոչ թե սեղանների շուրջ հոտնկայս խմում ենք նրանց կենացը՝ անտարբեր նայելով, թե ինչպես են դրանք ավերվում, ինչքան շատ ավերվեն, այնքան շատ կենաց խմենք, այլ մենք կոնկրետ զբաղված ենք այդ հուշարձանների պահպանմամբ և վերականգնմամբ»,- ասաց Փաշինյանը։
 
Ամփոփելով լավ ապրելու թեման՝ վարչապետը համոզմունք հայտնեց, որ լավ ապրել հնարավոր է միայն աշխատանքով, և կառավարության քաղաքականությունն է նորանոր հնարավորություններ ստեղծել Հայաստանում մարդկանց աշխատանքի համար։
Նրա խոսքով՝ 2018 թվականից ի վեր 170 հազարից ավելի աշխատատեղ է ստեղծվել ՀՀ-ում։ Մեր երկրում աշխատավարձի իրական աճը 2023-ին կազմել է 33 տոկոս։
 
Վարչապետը շեշտեց նաև, որ 2021 թվականի համեմատ աղքատությունը կրճատվել է՝ 26,5 տոկոսից դառնալով 24,8 տոկոս, ծայրահեղ աղքատությունը 1,5 տոկոսից դարձել է 1,2 տոկոս։
«Մենք չենք կարծում, թե գոյացող միլիարդները պետք է բաժանենք ժողովրդին, որ նրանք աղքատությունը հաղթահարեն։ Ո՛չ, մենք պետք է աշխատելու հնարավորություն ստեղծենք»,- ասաց վարչապետը։
 
Նա հավելեց՝ մարդկանց պետք է սովորեցնել, որ աղքատությունը հաղթահարելու միակ ճանապարհն աշխատանքն է։ Փաշինյանը շեշտեց` այսօր հազարավոր մարդիկ արտերկրից գալիս են ՀՀ-ում աշխատելու։

  • Կիսվել: