ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ովքե՞ր են, որ մեզ մեղադրում են. Փաշինյանը՝ «Արմաթ» լաբորատորիաների մասին

Ովքե՞ր են, որ մեզ մեղադրում են. Փաշինյանը՝ «Արմաթ» լաբորատորիաների մասին

«Արմաթ» լաբորատորիաների ծրագրը ՀՀ-ում սկսվել է 2014 թվականին և 2014-2017 թվականներին «Արմաթ» լաբորատորիաներին ֆինանսավորվել է 188 մլն դրամ պետական բյուջեից, իսկ ահա 2018 և 2019 թվականներին պետբյուջեից ֆինանսավորվել է 1 մլրդ 296 մլն դրամ: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մինչև հեղափոխությունը, էլի 3 տարվա ընթացքում Հայաստանում բացվել է 220 ինժեներական լաբորատորիա Հայաստանի տարածքում, իսկ հեղափոխությունից հետո բացվել է 355 «Արմաթ» լաբորատորիա:

«Այսինքն, կրկնակիից ավելի ենք բացել, ֆինանսավորումն ավելացրել ենք մոտ 10 անգամ և այսօր մարդիկ մեզ մեղադրում են, թե մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված պրոբլեմ ենք առաջացնում: Իսկ ո՞րն է պրոբլեմը: Պրոբլեմը շատ պարզ բանի մեջ է. մենք այսօր ունենք 575 լաբորատորիա, որոնք ձեռք են բերվել մեկ կազմակերպությունից և մենք ասում ենք՝ մենք այս պահին պետք է մի պահ դադար վերցնենք, վերլուծենք, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, և մենք պետք է խուսափենք մեկ անձից գնումներից: Այդ վերլուծությունների արդյունքում պետք է ներկայացնենք տեխնիկական առաջադրանք և սրանից հետո այդ լաբորատորիաներն իրականացնենք մրցութային կարգով: Այսինքն մենք պետք է ասենք՝ այս-այս դպրոցներում պատրաստվում ենք ստեղծել լաբորատորիաներ և հրավիրում ենք մրցույթի: Մի դեպքում՝ մի կազմակերպություն կարող է հաղթել, մյուս դեպքում՝ մեկ այլ»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև հարց բարձրացրեց. «Այդ ովքե՞ր են, որ մեզ մեղադրում են, որ մենք «Արմաթ» լաբորատորիաների հետ կապված տեխնոլոգիական առաջընթացին դպրոցներում խոչնդոտում ենք»:

 

  • Կիսվել: