շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Ասում են՝ 10 կգ ոսկին ջուրը քշել, տարել է. չենք կարող այդ հարցում օգտակար լինել, ոսկին պետք չէր գարաժում պահել.Փաշինյան

Ասում են՝ 10 կգ ոսկին ջուրը քշել, տարել է. չենք կարող այդ հարցում օգտակար լինել, ոսկին պետք չէր գարաժում պահել.Փաշինյան

Կան օբյեկտիվ տվյալներ, որոնց վրա պետք է հիմնվել ջրհեղեղից տուժածներին աջակցելու համար: Այս մասին, այսօր կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադարձավ Լոռու և Տավուշի մարզերում աղետից տուժածներին փոխհատուցում տրամադրելու հարցին:

Ըստ նրա՝ պետք է մշակել սկզբունք, վերհանել օբյեկտիվ տվյալներ, ասենք՝ ըստ հեղեղի ուժգնության գոտիների՝ 1 քառակուսի մետրի համար ստանդարտ բանաձև, և դրա հիման վրա փոխհատուցում տրամադրել:

«Չգնալ ամեն տուն, նայել, թե ջուրը 60 սմ է բարձրացել, թե՞ 70 սմ: Այսինքն պետռք է արագ գոտիավորել ըստ թաղամասերի: Ուղերձը տալ մարդկանց, ասել՝ ձեզ այս կարգով ենք  օգնելու, որ մարդիկ հանգիստ թողեն՝ այդ խոնավությունը չորանա, որ մարդիկ նաեւ հորիզոնը տեսնեն, թե կառավարությունն ինչ աջակցություն է տալու:

Մենք չենք կարող գնալ, ասել՝ բնակարանում քանի աթոռ է եղել, քանի սեղան է եղել, կամ հեռուստացույցը Panasonic է եղել, թե՞ Toshiba: Մենք բանաձեւ պետք է դնենք՝ հիմք ընդունելով քառակուսի մետրը, որը անփոփոխ է:

Պետք չէ տարածք բացել, որպեսզի պարզվի հեռուստացույցը, որը վնասվել է, ոչ թե 200 հազար դրամ արժեր, այլ 3 մլն դրամ: Մեզ չի հետաքրքրելու դա: Մենք չպիտի մտնենք նման բաների մեջ: Բնակարանը տուժել է, մենք գործակիցը տալիս ենք, որովհետև մեկի աթոռը կարող է կաղնու փայտից է, մյուսի աթոռը կարող է ավելի թանկ է կամ ավելի էժան փայտից է: Մեկի աթոռը կարող է 50 տարվա արտադրության է, մյուսինը՝ 3: Բնական աղետ է, մենք պիտի քառակուսի մետրով ասենք, որ մենք 1 քառակուսի մետրի համար փոխհատուցում ենք այսքան, որի մեջ մտնում է ամեն ինչ»,- ասաց Փաշինյանը:

Համաձայն վարչապետի հանձնարարության՝ Քաղաքաշինության կոմիտեն արդեն իսկ բանաձևը մշակել է, հանձնաժողովում կքննարկվի, և առաջիկայում կներկայացվի վերջնական տարբերակը:

Փաշինյանը շարունակեց. «Մենք այդտեղ խնդիր ունենք նաեւ ընտանի կենդանիների գլխաքանակի հետ կապված: Մենք այստեղ էլ օբյեկտիվ տվյալներ ունենք, այդ կենդանիները պատվաստում ստացել են, թե չեն ստացել: Մենք չպետք է հնարավորություն ստեղծենք, որ նոր տվյալներ ձեւավորվեն: Մենք պետք է հենվենք այն տվյալների վրա, որոնք նախկինում գոյություն են ունեցել:

Կեսկատակ ասում են՝ ինչ-որ մի տեղից 10 կգ ոսկին ջուրը քշել, տարել է: Կներեք, եթե նույնիսկ այդպես է, մենք չենք կարող այդ հարցում օգտակար լինել, որովհետեւ նախ ոսկին պետք չէր գարաժում պահել, երկրորդն էլ՝ ոսկու ձեռքբերման հարկային հետագիծը երեւում է, թե չի երեւում»:

  • Կիսվել: