չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փաշինյանն իրականացրել է հերթական մանիպուլյացիան. Թանդիլյան

Փաշինյանն իրականացրել է հերթական մանիպուլյացիան. Թանդիլյան

Այսօր վարչապետ Փաշինյանը բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի 0,85% ցուցանիշի մասով իրականացրել է հերթական մանիպուլիացիան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ցավալի է մտածել, որ այդ մանիպուլիացիայի մաս է կազմում նաև կենտրոնական բանկը, ով վստահաբար տեղյակ է ժամկետանց վարկերի իրական ծավալի մասին, քանի որ ենթադրում եմ՝ թվերը իրենք են ներկայացրել։

Բանկիրները գիտեն, որ ժամկետանց վարկերը 270 օր անց դուրս են գրվում հաշվեկշռից և արդյունքում արտացոլված չեն այս ցուցանիշում։
Պատկերավոր ասած նոյեմբեր ամսվա 260 օր ժամկետանց վարկը դեկտեմբերին արդեն "ժամկետանց" չէ։ Իսկ իրականում ժամկետանց վարկերի ծավալը ավելի քան 10 անգամ ավելին է, քան նշված է վարչապետի գրառման մեջ։

Եթե բանկիր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԿԲ֊ն ի զորու չեն վարչապետին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել կամ զերծ պահել մանիպուլյատիվ տեղեկատվություն հրապարակելուց, խորհուրդ եմ տալիս վարչապետին նեղ մասնագիտական տեղեկատվությունը ճշտել նաև ոլորտի այլ մասնագետների հետ»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%»։

  • Կիսվել: