կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Փաշինյանին զեկուցել են՝ Հյուսիս-հարավի Երևան-Գյումրի հատվածը պատրաստ կլինի 2025-ի վերջին

Փաշինյանին զեկուցել են՝ Հյուսիս-հարավի Երևան-Գյումրի հատվածը պատրաստ կլինի 2025-ի վերջին

Հյուսիս-հարավ ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով, բաժանված է առանձին տրանշների, որոնց շրջանակում կնքվում են վարկային առանձին պայմանագրեր: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 28-ին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում «Ճանապարհային դեպարտամենտ» և Տարածքային զարգացման հիմնադրամների 2023 թվականի գործունեության հաշվետվությունների քննարկման ժամանակ, որին մասնակցել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս առումով անդրադարձ է կատարվել Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածներում իրականացված և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին: Մանրամասներ են ներկայացվել Գյումրիի շրջանցիկ ճանապարհահատվածի, Սիսիան-Քաջարան 60 կմ, Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածների շինաշխատանքները մեկնարկելու գործընթացի մասին:

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է. «Հյուսիս-հարավի Երևան-Գյումրի հատվածը մեր հաշվարկով ե՞րբ արդեն պատրաստ կլինի»:

Զեկուցվել է, որ նշված հատվածը ամբողջությամբ պատրաստ կլինի 2025 թվականի վերջին, սակայն նախատեսվում է ընթացիկ տարում, բացառությամբ 14-15 կիլոմետր հատվածի, մյուս բոլոր հատվածները շահագործել: «Համենայնդեպս՝ շինարարները նման պարտավորություն ունեն»,- նշել է Գոռ Ավետիսյանը:

Ի պատասխան վարչապետի Ագարակ-Քաջարան հատվածի շինարարությունը մեկնարկելու հարցին՝ Ավետիսյանը նշել է, որ աշխատանքները մեկնարկի փուլում են: «Փետրվարի 5-ին պայմանագրով եղել է շինարարության մեկնարկը: Այսպես ասած, ժամացույցը սկսել է աշխատել, և ժամկետը երեք տարի է, այսինքն՝ որոշակի պրոցես արդեն սկսվել է»,- ասել է հիմնադրամի ղեկավարը:

Մանրամասներ են ներկայացվել Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի վերակառուցման աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ ավարտվել է Մ-6‚ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի (բացառությամբ Օձունի խաչմերուկի) Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը։ Հիմնանորոգման արդյունքում երթևեկության ինտենսիվությունը 2014թ. 2800 մեք./օր-ից 2023թ. 9 ամիսների տվյալներով դարձել է 4000 մեք/օր։ Բեռնափոխադրումները Բագրատաշենի մաքսային անցակետով 2014թ. 0.85 մլն տոննայից 2022թ. տվյալներով դարձել են 2.53 մլն տոննա։ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի հիմնանորոգման արդյունքում արձանագրվել է մահվան ելքով ՃՏՊ-ների միջին տարեկան թվի կրճատում: Եթե 2014թ. մահվան ելքով ՃՏՊ-ների միջին տարեկան թիվը 6 էր‚ ապա 2023թ.՝ 2։ Նախաձեռնվել է Դիլիջանի և Պուշկինի թունելների արդիականացման ծրագիրը:

  • Կիսվել: