շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պարգևավճարների ինստիտուտը սահուն փոխարինում ենք աշխատավարձերի բարձրացմամբ. Բաբկեն Թունյան

Պարգևավճարների ինստիտուտը սահուն փոխարինում ենք աշխատավարձերի բարձրացմամբ. Բաբկեն Թունյան

Գալիք տարվա բյուջեն առանձնանում է, իրոք, հավակնոտ բյուջե է: Կառավարության ծրագրով նախատեսել ենք յուրաքանչյուր տարի նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճի ապահովում: Հաշվի առնելով, որ մեր տնտեսական աճը կազմելու է 12-14 տոկոս՝ այդ աճի բազայի ֆոնին մեծ թռիչք է եւս 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը: Այդ նշաձողը արձանագրել ենք, եւ համոզված եմ, որ կարողանալու ենք կյանքի կոչել: Կարեւոր է, որ այդ աճը լինի ոչ թե մեխանիկական, այլ՝ ներառական ու հնարավորինս մասնակցային, ոչ թե մեկ կամ երկու ճյուղից կախված, այլ՝ հնարավորինս շատ մարդկանց, ոլորտների եւ ընկերությունների ներգրավմամբ. ԱԺ նոյեմբերի 16-ի նիստում գալիք տարվա ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ խոսելիս նշել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Պատգամավորի գնահատմամբ բյուջեի փաստաթուղթը կազմելիս ծավալուն աշխատանք է կատարվում:

«Անշնորհակալ գործ է բյուջեով զբաղվելը, եւ ուզում եմ Ֆինանսների նախարարությանը շնորհակալություն հայտնել այդ հիմնական բեռն իր վրա վերցնելու համար: Բյուջե մշակելը, ասում են, հիասթափությունները հավասարաչափ բաշխելու մշակույթ է, քանի որ միշտ բոլորը դժգոհ են լինում: Կարեւոր է, որ բոլոր հիասթափությունները հավասարաչափ բաշխվեն»,-ասել է նա եւ հավելել՝ կարեւոր է, որ ընդունվի երկրին առավելագույն օգուտ ապահովող տարբերակը: Բաբկեն Թունյանը բարձր է գնահատել նաեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքը՝ ի դեմս նախագահ Գեւորգ Պապոյանի՝ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում փաստաթուղթը մանրամասն քննարկելու համար:
 

Պատգամավորն անդրադարձել է համավարակի ու 44-օրյա պատերազմի հետեւանքով պետական պարտքի ավելացմանը եւ դրա հետեւանքներին: Նշվել է, որ այս տարվա վերջին կարձանագրվի պարտք/ՀՆԱ մոտավորապես 50-51 տոկոս հարաբերակցություն, ինչը պայմանավորված է դրամի փոխարժեքի բարձրացմամբ եւ ՀՆԱ-ի մեծացմամբ: Այս երկու գործոնների արդյունքում պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը թույլատրելի մակարդակից արդեն տասը տոկոսային կետով նվազել է, ինչը հաջորդ տարի Կառավարությանը թույլ կտա ավելի շատ միջոցառումներ իրականացնել:

Բաբկեն Թունյանը հիշեցրել է, որ հաջորդ տարի եւս նախատեսվում է թոշակների, նվազագույն եւ բազային աշխատավարձերի բարձրացում:

«Մենք բարձրացնելու ենք բազային աշխատավարձը, որի արդյունքում հանրային ծառայողների աշխատավարձերը կբարձրանան: Նվազեցնելու ենք պարգեւավճարների ֆոնդը՝ ոչ նույն չափով, բայց այնպես է ստացվելու, որ միջին հաշվով տասը տոկոսով պետական հատվածի աշխատավարձերը բարձրանալու են: Պարգեւավճարների ինստիտուտը սահուն փոխարինում ենք աշխատավարձերի բարձրացման տարբերակով»,-ասել է հանձնաժողովի նախագահի տեղակալը: Նրա խոսքով պարգեւավճարների ֆոնդը որոշ չափով կշարունակի գործել, բայց կլինի պարգեւավճարի տրամաբանությանը համապատասխանող գործիք, այսինքն՝ մոտիվացման համար՝ ըստ աշխատանքի կատարման արդյունքի:

Պատգամավորն անդրադարձել է կապիտալ ծախսերի աճին. դրանք մոտ 50 տոկոսով աճելու են՝ կազմելով մոտ 550 մլրդ դրամ:

Խոսելով մեր երկիր այցելած օտարերկրացիների հոսքով պայմանավորված տնտեսական աճի տեմպերի մասին՝ Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ ամենակարեւոր խնդիրներից է այս տնտեսական ազդեցությունը, որը կարճատեւ է գնահատվում, երկարաժամկետ տնտեսական աճի ներուժի վերածելը:

Անդրադարձ է եղել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին: Համակարգը կներդրվի եկող տարվանից, համապատախան օրենսդրական կարգավորումները կընդունվեն մինչեւ տարեվերջ: Հայտարարագրման մեջ հիմնական շեշտը դրվելու է եկամուտների վրա, ծախսերի մասը վերաբերելու է այն ուղղություններին, որոնց դեպքում սոցիալական կրեդիտներ են աշխատելու:

 

Խոսելով ծախսերի կատարողականից՝ Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ խնդիր է ոչ միայն հարկեր հավաքելը, այլ նաեւ դրանք ճիշտ ժամանակին, արդյունավետ ու ամբողջությամբ ծախսելը: Նրա համոզմամբ ծախսերը ժամանակին չկատարելն ավելի շատ վնաս կտա տնտեսությանն ու տնտեսական ակտիվությանը, քան որոշակի չափով հարկեր չհավաքելը: Հանձնաժողովի փոխնախագահը կարեւորել է արդյունքային ցուցանիշների ու չափորոշիչների ճշգրտումը.

«Չպետք է քննարկենք, թե այսինչ նախարարին ինչքան գումար ենք տվել եւ ինչքան է ծախսվել: Մենք պետք է քննարկենք, թե ծրագրային բյուջետավորման համաձայն՝ տվյալ գերատեսչություններն իրենց առջեւ դրված ծրագրերը կատարե՞լ են, հասե՞լ են նպատակներին: Որպեսզի դա խիստ սուբյեկտիվ չլինի, պետք է ի սկզբանե գնահատման չափանիշները չափելի ու հստակ լինեն, որ հետո կարողանանք հասկանալ, թե ինչ է կատարվում»:

Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ, ցավոք, այդ մասով դեռ անելիքներ կան, եւ բյուջետային քննարկումները ցույց են տալիս, որ Կառավարության գործընկերների մի մասը ծրագրային բյուջետավորման կանոնները դեռեւս ամբողջությամբ չի յուրացրել եւ պետք է աշխատել այդ ուղղությամբ:

Պատգամավորը խոսել է հարկային մարմին-քաղաքացի հարաբերություններից՝ նշելով, որ կառույցը պետք է ընկալվի որպես ծառայություն մատուցող, ոչ թե որպես պետության ոստիկան, որպես հարկատուի կամ գործարարի թշնամի: Այն պետք է ընկալվի կառույց, որն օգնում է, որ գործարարները կամ հարկատուները իրենց վճարած հարկերով մասնակցեն պետական կառավարմանը: Նրա գնահատմամբ այս ընկալումը վերջին տարիներին փոխվել է, եւ այդ ուղղությամբ դեռեւս շատ անելիքներ կան:

 

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ժողովրդագրության բարելավման միջոցառումներին, ծնելիության խթանմանն ուղղված քայլերին, բյուջեի ծախսերի արդյունավետությանը:

  • Կիսվել: