հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պարետի որոշմամբ արդեն ժամանակավոր կասեցվել է շուրջ երեք տասնյակ տնտեսվարողի գործունեություն

Պարետի որոշմամբ արդեն ժամանակավոր կասեցվել է շուրջ երեք տասնյակ տնտեսվարողի գործունեություն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ մշտադիտարկումը մայրաքաղաքում և մարզերում։ Դրանց համար հիմք են ընդունվում նաև ՀՀ ԱԱՏՄ թեժ գծով եւ ֆեյսբուքյան էջին ստացված դիմում-բողոքները։ Այս մասին հայտնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

 

Մշտադիտարկումների արդյունքը հիմք ընդունելով` ՀՀ Պարետի որոշմամբ արդեն ժամանակավոր կասեցվել է շուրջ երեք տասնյակ տնտեսվարողի գործունեություն։

Պարետի որոշմամբ մի շարք տնտեսվարողների գործունեությունն արգելվել է այսօր` 6 ժամով։ Պարետ Տիգրան Ավինյանը սահմանափակումների վերաբերյալ որոշում է ստորագրել: Արգելվել է սուպերմարկետների, թերթի կրպակի, արտադրության գործունեության ծավալումը Երևանում, Ծաղկաձորում, Մխչյանում, Այնթապում և այլն։

Արձանագրվող կոպիտ խախտումներն առնչվում են աշխատողների առողջության պահպանման ու անվտանգության ապահովման նորմերը չպահպանելուն, մասնավորապես, աշխատողներին դիմակներ ու ձեռնոց չտրամադրելուն, աշխատատեղերի միջև երկու մետր հեռավորությունը չպահպանելուն, հագուստի առանձին հանդերձապահարաններ չապահովելու և այլն։

Բոլոր այս նորմերը սահմանված են Պարետի որոշմամբ հաստատված Ուղեցույցով։ Դրանց պահպանումը պարտադիր է արտակարգ պայմաններում գործելու թույլտվություն ունեցող բոլոր տնտեսվարողների համար։ Խախտումների համար սահմանված են պատասխանատվության միջոցներ։

  • Կիսվել: