ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պահպանել խստացումները․ կայացել է Սևանա լճում սիգի որսի արգելքի միջոցառումների վերաբերյալ հերթական քննարկումը

Պահպանել խստացումները․ կայացել է Սևանա լճում սիգի որսի արգելքի միջոցառումների վերաբերյալ հերթական քննարկումը

Շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ, նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի և Տիգրան Գաբրիելյանի, «Սևան» ազգային պարկի, ՀՀ Ոստիկանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է հերթական ընդլայնված խորհրդակցությունը՝ քննարկելու Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների և փոխգործակցության ծրագրի իրականացման ընթացքը։

Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումներն իրականացվում են 2022 թվականի դեկտեմբերի 1-ից, դրանք կտևեն մինչև 2023 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Սևանա լճում խիստ արգելը կիրառվում է դեկտեմբերի 15-ից հունվարի 20-ը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, նախարարն անդրադարձել է վերջին տարիներին Սևանա լճում առկա սիգ ձկնատեսակի պաշարներին, դրա քանակի դինամիկային, ինչպես նաև սիգի ձկնկիթի արտահանման արգելքին:

«Սևանա լճում սիգ ձկնատեսակի պահպանության և քանակի ավելացման համալիր միջոցառումների շրջանակում շատ կարևոր է նաև տնտեսվարողների, ձկորսությամբ զբաղվող մեր հայրենակիցների հետ իրազեկման աշխատանքներ տանել առ այն, որ այսուհետ ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանում չի թույլատրվելու և այս արգելքը ժամանակավոր բնույթ չի կրելու»,-նշել է նախարարը։

Այնուհետև ներկայացվել են գերատեսչությունների կողմից իրականացված աշխատանքները և գույքագրված խնդիրները։

Այս պահին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ նշանակության ջոկատի, ինչպես նաև Ոստիկանության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների կողմից լճի վրա հատուկ հերթապահություն է իրականացվում՝ դուրս են բերվում լողամիջոցները, որսագործիքները և ժամանակավոր կացարանները:

2022 թվականի դեկտեմբերի 15-ից 2023 թվականի հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում առգրավվել է 2205 հատ սիգ տեսակի ձուկ, 7 կգ ձկնկիթ։

Նախարարը խնդրել է գործընկերներին կրկնապատկել հսկողությունը ճանապարհային հենակետերում և շուկաներում հատկապես սուրբծննդյան տոնի օրերին՝ առաջարկելով դիտարկել նաև նախարարության ենթակա մարմիններից օժանդակող մարդուժի ընդգրկման հնարավորությունը։

  • Կիսվել: