չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Օտարերկրացիները հունվարի 1-ից անօրինական աշխատանքի համար կարող են վտարվել Ռուսաստանի Դաշնությունից

Օտարերկրացիները հունվարի 1-ից անօրինական աշխատանքի համար կարող են վտարվել Ռուսաստանի Դաշնությունից

Հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիներին կարող են արտաքսել Ռուսաստանից՝ ապօրինի աշխատանքային գործունեության համար, իսկ գործատուներն այդպիսի աշխատողներ վարձելու համար կարող է տուգանվել մինչեւ 800 հազար ռուբլի յուրաքանչյուր անձի համար։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնում։

«Հունվարի 1-ից ապօրինի աշխատանքի համար, տուգանքներից (մինչեւ հինգ հազար ռուբլի) բացի, օտարերկրացիների նկատմամբ կարող են միջոցներ ձեռնարկվել Ռուսաստանից արտաքսման եւ վերադարձի մուտքի արգելքի հետ կապված։ Օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ապօրինի ներգրավման համար գործատուները կարող են տուգանքների (մինչեւ 800 հազար ռուբլի) ենթարկվել յուրաքանչյուր այդպիսի աշխատակցի համար», - ասվում է մամուլի կենտրոնում:

ՆԳՆ-ում նշել են, որ դեկտեմբերի 31-ին կավարտվեն Ռուսաստանի նախագահի կողմից սահմանված ժամանակավոր միջոցառումները, որոնք օտարերկրացիներին թույլ էին տալիս կարգավորել իրենց իրավական կարգավիճակը՝ առանց երկրից դուրս գալու օրինականորեն աշխատանքային գործունեություն իրականացնելու համար։

«Այդ կապակցությամբ Ռուսաստանի ՆԳՆ-ն խստորեն խորհուրդ է տալիս մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ն օտարերկրյա այն քաղաքացիներին, ովքեր չունեն փաստաթղթեր Ռուսաստանում աշխատելու համար, անհապաղ դիմել ներքին գործերի մարմիններին»,- ընդգծել են մամուլի կենտրոնում։ Ադրբեջանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն արտոնագրի համար դիմել՝ առանց փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի եւ Ռուսաստանի Դաշնություն մուտքի հայտարարված նպատակի պահանջները հաշվի առնելու, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները  կարող են աշխատանքային կամ քաղաքացիական իրավունքի պայմանագրեր կնքել՝ անկախ ՌԴ մուտքի նպատակից։

Գործատուները, ովքեր  օտարերկրյա քաղաքացիների են ներգրավում աշխատանք կատարելու կամ ծառայություններ մատուցելու համար, կարող են եռօրյա ժամկետում ձեւակերպել աշխատանքային հարաբերությունները նրանց հետ եւ ծանուցել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմիններին: Ընդ որում, նրանք, ովքեր չունեն օտարերկրյա աշխատողներ ներգրավելու թույլտվություն, պետք է դիմեն օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի թույլտվության համար՝ անկախ նրանց` Ռուսաստան մուտք գործելու նպատակից։

  • Կիսվել: