չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Որքա՞ն գումար են ծախսել ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի աշխատակազմերը 2019-ին

Որքա՞ն գումար են ծախսել ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի աշխատակազմերը 2019-ին

ՀՀ վարչապետի աշխատակազմը 2019թ. պետական բյուջեից  իրեն հատկացված միջոցներից 4,4 մլրդ դրամի խնայողություն է կատարել: Այս մասին  այսօր  Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով, վարչապետի ապարատի կարիքների համար 2019 թվականին 17.3 միլիարդ դրամ էր հատկացվել, սակայն տարվա ընթացքում այդ ցուցանիշը ճշգրտվել և աճել էր մինչև 18.9 մլրդ դրամ: Իսկ փաստացի, ըստ նրա, օգտագործվել է 14.5 միլիարդ դրամ:

ՀՀ նախագահի աշխատակազմին էլ, ինչպես  նշեց Ատոմ Ջանջուղազյանը,  ի սկզբանե 2019-ին կարիքների համար պետբյուջեից 1 միլիարդ 145 միլիոն դրամ էր հատկացվել:

«Տարվա ընթացքում ճշգրտումներ են կատարվել, և այդ գումարն ավելացել է 350 միլիոն դրամով: Բայց, ի վերջո, 2019-ին նախագահի աշխատակազմը 248 միլիոն դրամով ավելի քիչ գումար է ստացել, քան 2018-ին՝ 15%-ով պակաս: Փաստացի 1 միլիարդ 452 միլիոն դրամ է օգտագործվել կամ՝ ճշգրտված ցուցանիշի 96 տոկոսը»,- նշեց նախարարը:

Ինչ վերաբերում է ԱԺ-ին, նախարարը նշեց, որ նախորդ տարի Ազգային ժողովի կարիքների համար պետբյուջեից շուրջ 5 միլիարդ 254 միլիոն դրամ է հատկացվել: Տարվա ընթացքում այս ցուցանիշը ճշգրտվել և ավելացել է՝ հասնելով 6 միլիարդ 231 միլիոն դրամի:

«Փաստացի իրացվել է 5 միլիարդ 821 միլիոն դրամ կամ ընդհանուր գումարի 93.4 տոկոսը»,- ասաց նախարարը։

Ըստ Ջանջուղազյանի, ԱԺ-ին  նախորդ տարի 29%-ով ավելի է գումար տրամադրվել, քան 2018 թվականին:

  • Կիսվել: