երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Որոնք են ՀՀ խոշոր հարկատուները․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2026-ի առաջին կիսամյակի 1-ին խոշոր հարկ վճարողն է

Որոնք են ՀՀ խոշոր հարկատուները․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2026-ի առաջին կիսամյակի 1-ին խոշոր հարկ վճարողն է

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի՝ հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկ վճարողների ամբողջական ցանկը, որը ցույց է տալիս հայրենի բիզնեսի իրական պատկերն ու վերջին ամիսներին արձանագրված ուշագրավ տեղաշարժերը։

 Առաջին վեց ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկատուները պետական բյուջե են վճարել ավելի քան 1 տրիլիոն 109.9 միլիարդ դրամ, ինչը զգալիորեն գերազանցում է առաջին եռամսյակի 459.2 միլիարդ դրամի ցուցանիշը։

 «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» վերականգնել է իր առաջատարի տիտղոսը՝ վճարելով 41.61 միլիարդ դրամ և բարձրանալով առաջին տեղ։ Դրա հետևանքով առաջին եռամսյակում առաջին հորիզոնականը զբաղեցրած տեխնիկայի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Մոբայլ Սենթր Արթ» ընկերությունը զիջել է դիրքը և 38.16 միլիարդ դրամով հանգրվանել երկրորդ տեղում։ Տասնյակի ամենաթռիչքային աճը գրանցել է «Արդշինբանկը», որը 17-րդ հորիզոնականից միանգամից բարձրացել է 3-րդ տեղ՝ վճարելով 33.60 միլիարդ դրամ։ Դիրքերը զիջել է էներգետիկ հսկա «Գազպրոմ Արմենիան»՝ 2-րդ տեղից իջնելով 4-րդ հորիզոնական (31.50 միլիարդ դրամ), ինչպես նաև ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակոն», որը 4-րդ տեղից նահանջել է 5-րդ հորիզոնական (28.95 միլիարդ դրամ)։ Ֆինանսական համակարգի մյուս հսկան՝ «Ամերիաբանկը», 13-րդ տեղից բարձրացել է 6-րդ հորիզոնական (22.15 միլիարդ դրամ)։ ՏՏ ոլորտի ներկայացուցիչ «Դիջիթեյնը» պահպանել է 7-րդ տեղը (17.91 միլիարդ դրամ), իսկ նույն ոլորտի «Սոֆթ Կոնստրակտը» 5-րդ տեղից իջել է 8-րդ հորիզոնական (17.49 միլիարդ դրամ)։ Հանքարդյունաբերական «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» կտրուկ առաջընթաց է արձանագրել՝ 33-րդ տեղից բարձրանալով 9-րդ հորիզոնական (15.71 միլիարդ դրամ), իսկ տասնյակը եզրափակում է «ԻՄՎԲԱՄ»-ը  (Wildberries), որը 6-րդ տեղից նահանջել է 10-րդ հորիզոնական (13.92 միլիարդ դրամ)։

 

 

  • Կիսվել: