հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Օրենսդրական փոփոխություններ՝  կոնյակի արտադրության խթանման համար

Օրենսդրական փոփոխություններ՝ կոնյակի արտադրության խթանման համար

ԱԺ-ում քննարկվում է մի օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է կոնյակի, կոնյակի սպիրտի եւ մեղրի հիմքով սպիրտային խմիչքների արտադրության համար պետական տուրքի նվազեցում: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Նա հայտնեց, որ օրինագծի նպատակը սկսնակ փոքր եւ միջին արտադրողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է:

Խոջոյանը, մասնավորապես, ասաց. «Գործող օրենքով կոնյակի եւ կոնյակի սպիրտի արտադրողների համար պետական տուրքը կազմում է 10 մլն դրամ, ինչը լուրջ խոչընդոտ է բիզնեսի զարգացման համար:

Մեղրասպիրտի արտադրման համար գործում է 15 մլն դրամ սակագին, եւ դա այն դեպքում, երբ պահանջարկը այդքան բարձր չէ: Բոլորին հայտնի փաստ է, որ կոնյակի պատրաստման համար անհրաժեշտ է 3 տարի, այդպիսով ստացվում է, որ արտադրողը պետք է վճարի 30 մլն դրամ: Իսկ մենք առաջարկում ենք կոնյակի, կոնյակի սպիտրի եւ մեղրասպիրտի վաճառքից առաջ ամեն տարի վճարել 50 հազար դրամ:

Երբ արտադրողը սկսի իրացման գործընթացը, միայն այդ ժամանակ նա պարտավոր կլինի վճարել 10 մլն դրամ»:

Նախարարի տեղակալի խոսքով՝ նման փոփոխություններն առաջարկվել են արտադրողների հետ քննարկումներից հետո:

Նշենք, որ օրենսդրական նախաձեռնությունը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը: 

  • Կիսվել: