ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Օրենքների նախագծերի փաթեթը կկանոնակարգի ՀՀ տարածքում տարածական տվյալների հավաքագրմանը վերաբերող խնդիրները

Օրենքների նախագծերի փաթեթը կկանոնակարգի ՀՀ տարածքում տարածական տվյալների հավաքագրմանը վերաբերող խնդիրները

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Կառավարության ներկայացրած՝ «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Գույքի նկատմամբ պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշեց, որ զարգացած երկրներում պետք է լինի տարածական տվյալների համընդհանուր համակարգ, որի ներառած տեղեկությունները պետք է լինեն որոշակի իմաստով հասանելի, բաց՝ աջակցելով երկրի տնտեսության զարգացմանը: Նաև որոշակի իմաստով պետք է լինեն գերատեսչական օգտագործման՝ աջակցելով գերատեսչություններում կառավարչական ճիշտ որոշումների կայացմանը:

«Երբ խոսում ենք տարածական պլանավորման, տվյալների կառավարման, բնապահպանական, անվտանգային խնդիրների մասին, մենք միշտ մեր առջև պետք է ունենանք համապատասխան գաղափար, որ պետական կառավարման մարմիններում ստեղծված նյութերը պետք է լինեն միևնույն չափորոշիչներով, դրանք պետք է պահպանվեն միևնույն ռեժիմներում, պետք է լինեն ինտեգրելի: Հետագայում արդեն ազգային գեոպորտալի կամ քարտեզագրական բաղադրիչի առկայության ժամանակ դրանք ինտեգրելի լինեն ու ցուցադրվեն միևնույն հարթակի ներքո:

Կարծում ենք, որ այս օրենքների ընդունումը նաև կկանոնակարգի ՀՀ տարածքում տվյալների հավաքագրմանը վերաբերող առկա խնդիրները, երբ պետական կառավարման մարմինները որոշակի իմաստով տեղեկատվության չեն տիրապետում, թե ՀՀ տարածքի վերաբերյալ ինչ տեղեկություններ են հավաքվում, ինչպես են դրանք մշակվում, արդյոք դրանք ճիշտ են, և հետագայում այն պրոյեկտներում, որտեղ օգտագործում են այդ տեղեկատվությունը, արդյոք եզրահանգումները ճի՞շտ են իրականացված»,- ասաց Թովմասյանը:

Նախագծով ներդրվում են հետևյալ հիմնական մեխանիզմները՝

Կադաստրի կոմիտեն լիազորվում է մշտադիտարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների կողմից տարածական տվյալների ստեղծումը, մշակումը, օգտագործումը կամ տարածումը.

հսկողություն է իրականացնում ազգային գեոպորտալ մուտքագրված թեմատիկ և բազային տարածական տվյալների՝ նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերին համապատասխանության նկատմամբ.

մշակում և հաստատում է տեխնիկական կանոնակարգման ոլորտում նորմատիվ իրավական ակտեր և նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր.

Կառավարության սահմանած կարգով տրամադրում է թույլտվություն ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ օտարերկրյա, Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ բազային տարածական տվյալների և մետատվյալների ստեղծման, մշակման կամ հավաքագրման աշխատանքներն իրականացնելու համար, բացառությամբ այն տվյալների, որոնք կարող են ձեռք բերվել առանց պետական միջամտության, այդ թվում՝ տիեզերական արբանյակների միջոցով.

խորհրդատվական կարծիք է տրամադրում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տարածական տվյալների ստեղծման, պլանավորման և իրականացման ընթացքում, բացառությամբ ազգային անվտանգության և պաշտպանության համար բազային տարածական տվյալների ստեղծման աշխատանքների:

  • Կիսվել: