երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օնլայն տաքսիները կհարկվեն

Օնլայն տաքսիները կհարկվեն

Հայաստանում ընդունված նոր օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի կանոնակարգել օնլայն տաքսի ծառայությունների գործունեությունը, կսահմանվի պետական տուրք նաև էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ:

 «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ ստանալով 56 կողմ, 6 դեմ, 17 ձեռնպահ ձայներ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը նշեց, որ էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներով սակագները, սահմանում են փոխադրման պահանջներ: Օրենսդրական դաշտի չկարգավորման պայմաններում ոլորտում բացակայում են վերահսկողական հստակ մեխանիզմները:

«Փաթեթով առաջարկվում է սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության հասկացությունը՝ որպես ոչ կանոնավոր ուղևորափոխադրում: Առաջարկվում է էլեկտրոնային հարթակներով ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը սահմանել որպես ծանուցման ենթակա գործունեություն, սահմանել պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության և պատվիրատուին էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ: Առաջարկվում է յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագիր տրամադրելու պահանջ, որի համար պետական տուրքը կկազմի ընդհանուր արժեքի կանխիկ վճարման դեպքում 2024-ի սեպտեմբերի 1-ից՝ 2 տոկոսի չափով, 2025-ի հունվարի 1-ից՝ 3.5 տոկոսի չափով, 2026-ի հունվարի 1-ից՝ 5 տոկոսի չափով, անկանխիկ վճարման դեպքում՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 1.5 տոկոսի չափով, 2025 թ հունվարի 1-ից՝ 2.5 տոկոսի չափով, 2026-ի հունվարի 1-ից՝ 4 տոկոսի չափով»,-ներկայացրեց փոխնախարարը:

Պետական տուրքի գանձման և պետական բյուջե վճարման լիազորությունը կվերապահվի էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններին: Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության մատուցման իրավունք ձեռք բերելու համար կսահմանվի 1 մլն դրամ պետական տուրքի պահանջ: Ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմեքենաներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը կթույլատրվի միայն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով:

 

  • Կիսվել: