երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ոչ թե տույժերը կվերացնենք, այլ որոշակի ժամանակով չենք հարկի. ՊԵԿ նախագահը՝ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մասին

Ոչ թե տույժերը կվերացնենք, այլ որոշակի ժամանակով չենք հարկի. ՊԵԿ նախագահը՝ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մասին

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների մասով օրենսդրական փոփոխությունների նախագիծն արդեն տեղադրված է e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա նշեց, որ  արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ:

«Նախագիծը հանրային քննարկման փուլում է։ Օբյեկտիվ բոլոր դժգոհությունները հաշվի ենք առել և փոփոխություններ ենք  նախատեսել»,-ավելացրեց Բադասյանը։

Նրա խոսքով՝  թե՛ արտասահմանում, թե՛ Հայաստանում ստացված եկամուտները Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հարկման այն տարբերությամբ, որ արտասահմանում վճարված հարկերը կրկնակի հարկերը բացառող համաձայնագրերի ուժով կարող են չվճարվել։

«Ամենևին ընդունելի չեն բոլոր այն պնդումները, թե, օրինակ՝ ինչու՞ պետք է ես հարկ վճարեմ։ Վերաբերմունքը մեր հարկային մշակույթի և հարկային քաղաքականության նկատմամբ պետք է փոխվի։ Մենք հարկ չենք տալիս ուղղակի անվերադարձ, այլ հարկի դիմաց ստանում ենք անվտանգություն, սոցիալական ապահովագրություն և այլն»,-եզրափակեց Բադասյանը։ 

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի ու Շիրակի մարզերից արտագնա աշխատանքի մեկնողները բողոքի ակցիաներ էին արել՝ փակելով ճանապարհներ։ Նրանք դեմ էին, որ հարկեր պետք է վճարեն նաև Հայաստանում։

  • Կիսվել: