կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ոչ մի նոր օրենք չի ընդունվել, այդ օրենքը գործում է շատ վաղուց. Փաշինյանը՝ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մասին

Ոչ մի նոր օրենք չի ընդունվել, այդ օրենքը գործում է շատ վաղուց. Փաշինյանը՝ արտագնա աշխատանքի մեկնողներին հարկելու մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է երկրում հարկերի նկատմամբ վերաբերմունքը փոխելը:

Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիներին հարկելու վերաբերյալ հարցին:

«Ոչ մի նոր օրենք չի ընդունվել: Այդ օրենքը գործում է առնվազն 1 տասնյակ տարի: Տեղի է ունեցել այլ բան՝ մինչև հիմա ԱՊՀ երկրները չեն ունեցել իրար հետ փոխադարձաբար տեղեկությունների փոխանակման գործող համակարգ, որ իրար տեղեկություններ տան՝ միմյանց քաղաքացիների աշխատելու տվյալների վերաբերյալ: Եվ այդ համակարգը բոլորովին վերջերս գործարկվել է»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ օրենքը մինչև այս չի գործել, որովհետև մեխանիզմներ չեն եղել:

Նա ընդգծեց, որ ոչ մի քաղաքացու նկատմամբ վարչական հարկադրանքի միջոց չի ձեռնարկվել: Կառավարությունը քաղաքացիներին իրազեկել է գոյություն ունեցող օրենսդրության մասին: Կառավարությունը, ի պատասխան քաղաքացիների, փորձել է նրանց բացատրել, ներկայացնել օրենքի գործունեության տրամաբանությունը:

«Խոսքը ՀՀ քաղաքացիների և ՀՀ օրենսդրության հետ նրանց ունեցած հարաբերությունների մասին է: Մենք 2017  թվականի համեմատ՝ Հայաստանի պետական բյուջեի եկամուտները 92 տոկոսով ավելացրել ենք, խոսքը 1 տրլն-ից ավելի գումարի մասին է: Մենք հարկերի նկատմամբ վերաբերմունքը պետք է փոխենք: Եթե քաղաքացիները մտածում են, թե հարկն այն է, որ կառավարությունն իրենց ձեռքից խլում է, սխալ ընկալում է»,-ասաց Փաշինյանը:

Կառավարության նպատակն է քաղաքացիներին ներկայացնել համակարգերի պատճառահետևանքային կապերը, որ պետական բյուջեի միջոցներն օգտագործվում են մանկապարտեզներ, դպրոցներ և այլ ենթակառուցվածքներ կառուցելու համար: Վարչապետը բերեց Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման օրինակը, որի համար ծախսվել է 3 մլրդ դրամ:

Ըստ Փաշինյանի՝ կարող է քաղաքական առումով թվալ, թե անտրամաբանական քայլ է արվում: Անդրադառնալով հարցին, թե կառավարությունն ինչու է դա անում՝ նա ասաց. «Կառավարության մոտիվացիան ՀՀ-ի և քաղաքացու նկատմամբ տածած սերն է բառիս բուն իմաստով: Մենք մեր պետության ապագայի վերաբերյալ պետք է ձեռք բերենք կոնսենսուս: Եվ, եթե մենք գնանք շատ սովորական տրամաբանությամբ, որ շրջանցենք, հարցերի հետ չառերեսվենք, մարդկանց հետ չխոսենք, ավելի մեծ խնդիրների առաջ կկանգնենք: Այլ բան, որ մենք այդ երկխոսության մեջ պետք է լսենք նաև քաղաքացիների տեսակետը, տեսնենք, թե այդ հարցը մյուս կողմից ոնց է երևում, դուրս բերենք ամենաարդարացված փաստարկները, որոնց վերաբերյալ հակափաստարկներ չկան, դրանք ընդունենք, օրենսդրորեն հասցեագրենք: Բայց պետք է իրագործենք այդ իրողությունները, որ կմնան այդ քննարկման արդյունքում՝ որպես անառարկելի փաստարկ»:

  • Կիսվել: