հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ոչ մեկ ինձ մոտ չմտնի, չասի՝ ձկնաբուծարանները կփակվեն, թո՛ղ փակվեն․ Նիկոլ Փաշինյան

Ոչ մեկ ինձ մոտ չմտնի, չասի՝ ձկնաբուծարանները կփակվեն, թո՛ղ փակվեն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել ձկնաբուծարանների` փակ ցիկլի անցնելու մասին, որը ուժի մեջ պետք է մտնի 2024 թ. հունվարի 1–ից, ու արդեն կամաց-կամաց, շշուկով խոսակցություններ են շրջանառվում, թե այդ որոշումը կարծես իրականանալի չէ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ձկնաբուծարանները կսնանկանան և այլն… Ես համաձայն չեմ դրա հետ։ Այդ ձկնաբուծարաններում, երբ ձկի բտում է սկսվում, շուկայում հայտնված արտադրանքը որքանո՞վ է համապատասխանում սննդի անվտանգության կանոններին։ Ես համաձայն չեմ պատանդի կարգավիճակում որոշումներ կայացնենք, հետո փոխենք:

 Մենք մեկուկես տարի առաջ ենք այդ որոշումը կայացրել ու մարդկանց ներդրումներ կատարելու հնարավորություն ենք տվել։ Իսկ ո՞վ է ասել, որ պետք է եկամուտներ ստանան տնտեսվարողները, կասկածելի արտադրանք թողարկեն շուկա, հետո էլ շանտաժ անեն, թե բա կսնանկանանք… Դա ձեր ռիսկն է։

Եկեք, ի վերջո, հաշվարկենք` որքան ջուր ենք ծախսում ու փոխարենը որքան ձուկ ենք ստանում։ Այս բալանսը որևէ մեկը հաշվե՞լ է… Իհարկե, չի հաշվել։

Ոչ ոք չի հաշվում՝ բա պետությունն ինչքա՞ն կորցրեց, այ դա է ջրի նկատմամբ վերաբերմունքը․ որ ջուրը մտավ լողավազան դարձավ ձուկ և գնաց կորավ։ Տասնյակ տարիներ, միլիարդներ են պետք այդ ջրային ռեսուրսները վերականգնելու համար։ Ես հստակ ասել եմ՝ այդ որոշումը չի փոխվելու, պետք է առանձնացնենք ձկնաբուծությո՞ւն է, թե՞ ջրերի վատնում։ Փակվելու են, թո՛ղ փակվեն, նախարարին ասել եմ, որ ասի ձկնաբույծներին, որ որոշումը չի փոխվելու։ Ոչ ոք իրենց իրավունք չի տվել պետական ռեսուրսն օգտագործել՝ կասկածելի որակի ապրանք շուկա նետելու համար»,-պնդեց Փաշինյանը։

Գործադիրի ղեկավարը հանձնարարեց սննդի անվտանգության տեսչությանը խիստ վերահսկողություն սահմանել՝ արդյոք ձկնաբուծարանում արտադրված ձուկը համապատասխանում է սննդի անվտանգության ստանդարտներին։

ՀՀ վարչապետը զգուշացրեց, որ որևէ մեկն այլևս չմտնի իր մոտ ու չխնդրի հետաձգել այդ որոշման կատարումը։ Ավելին` նա հանձնարարեց ՀՀ սննդի անվտանգության պետական տեսչությանը ստուգումներ անցկացնել, թե ինչ ձուկ է վաճառվում շուկայում։

  • Կիսվել: