երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը ստացել է հեղինակավոր հավաստագիր՝ տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտին համապատասխանելու համար

«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը ստացել է հեղինակավոր հավաստագիր՝ տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտին համապատասխանելու համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվական համակարգերը սպասարկող «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը ստացել է հեղինակավոր ISO/IEC 27001/2022 հավաստագիր՝ տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության և համակարգերի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանելու համար։   

Այս մասին հայտնում են «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնից, ընդգծելով, որ միջազգային փորձագետների կողմից իրականացված բազմաշերտ ուսումնասիրության արդյունքում՝ սոցիալական ոլորտի թվային ծառայությունների, այն է՝ SocialGovTech-ի իրականացնող կառույցը որակվել է ISO/IEC 27001/2022 ստանդարտով՝ դառնալով նման սերտիֆիկացում ունեցող եզակի ընկերություններից մեկը Հայաստանում։ 

«Սոցիալական պաշտպանության ոլորտի թվային ծառայությունները վերաբերում են մարդու կյանքի ամենաերկար կենսացիկլին․ ուստի մենք բարձր ենք գնահատում մեր կողմից ստեղծվող համակարգերի տեղեկատվական ու կիբեռանվտանգության չափանիշները։ Այս բարձրակարգ որակավորման համար շատ երկար ճանապարհ ենք անցել և ուրախ ենք, որ SocialGovTech-ի համար սահմանում ենք նոր նշաձող»,- նշել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։ 

Նշվում է, որ նմանօրինակ որակավորում տրամադրվում է այն ընկերություններին, որոնք համապատասխանում են տեղեկատվական անվտանգության, կիբեռանվտանգության, անձնական տվյալների պաշտպանության հետ կապված ռիսկերի կառավարման, ինչպես նաև ընդհանուր համակարգերի կառավարման բարձր մակարդակի։ 

  • Կիսվել: