երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նոր որոշում. Արամի 44 հասցեում կիրականացվի «Թումո ստուդիաներ» անվճար կրթական ծրագիրը

Նոր որոշում. Արամի 44 հասցեում կիրականացվի «Թումո ստուդիաներ» անվճար կրթական ծրագիրը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում որոշում է կայացրել, որով նախատեսվում է Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված քաղաք Երևան, Արամի 44 հասցեում գտնվող անշարժ գույքը 10 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Սիմոնյան կրթական հիմնադրամին:

Հիմնադրամը ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար պարտավորվել է 3 տարվա ընթացքում կատարել 100 մլն դրամի չափով գույքի բարեկարգման աշխատանքներ։ Սիմոնյան կրթական հիմնադրամը այդ տարածքում նախատեսում է իրականացնել «Թումո ստուդիաներ» անվճար կրթական ծրագիրը, որի նպատակներից են հրավիրել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող դիզայներական մտքի և խոհարարական արվեստի առաջատար մասնագետներին, ծրագրի մասնակից դարձնել ուսանողներին, պրակտիկանտներին և արհեստավորներին: 2017թ-ից «Թումո ստուդիաներ» ծրագրի գործունեության արդյունքում հազարավոր շահառուներ ստացել են բարձրակարգ անվճար ուսումնական ծառայություններ արհեստի և արվեստի ոլորտներում:

Կրթության ոլորտի զարգացման համատեքստում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծել է Ակադեմիական քաղաքի նախագծի իրագործման կարևորությունը և նշել, որ պետք է ավելի հետևողական լինել այդ հարցում և մտածել այնպիսի ծրագրեր գործարկելու մասին, որոնք ավելի լայն դաշտ կստեղծեն երկրի համար ռազմավարական նշանակության նախագիծը կյանքի կոչելու, մասնավոր և պետական հատվածի կրթական ներուժն ամբողջությամբ Ակադեմիական քաղաքում կենտրոնացնելու համար:

  • Կիսվել: