կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նոր մշակույթ՝ գյուղատնտեսության ոլորտում. Հայաստանում կառուցվել և գործում է շուրջ 49 «խելացի» անասնաշենք

Նոր մշակույթ՝ գյուղատնտեսության ոլորտում. Հայաստանում կառուցվել և գործում է շուրջ 49 «խելացի» անասնաշենք

Հայաստանում «խելացի» անասնագոմերի կառուցման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում կառուցվել է 49 «խելացի» անասնաշենք:

«Արմենպրես»-ի հետ զրույցում  այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ հավելելով, որ պետության նպատակն է գյուղատնտեսության ոլորտում  ներկայացնել առաջադեմ տեխնոլոգիաները և ոլորտի տարբեր բնագավառներում  ձևավորել  նոր մշակույթ:

«Այս պահի դրությամբ «խելացի» անասնագոմերի  ծրագրի ստեղծման շրջանակներում ստացել ենք շուրջ 380 դիմում ծրագրին մասնակցելու համար: Ծրագիրը նախագծված է այնպես, որ մասնակիցները պետք է անցնեն մեկշաբաթյա արագացված վերապատրաստման դասընթաց, որի շրջանակներում որոշները հասկանում են, որ դա այն ուղղությունը չէ, որտեղ իրենք կարող են հաջողել և հետ են կանգնում որոշումից, բայց շատերն էլ,  ոլորտի և այդ նախաձեռնության նրբություններին հստակ ծանոթանալով, արդեն ավելի վստահ շարժվում են առաջ»,- ասաց Խոջոյանը:

Նախարարի տեղակալը նշեց, որ մինչև այս պահը ծրագրի շրջանակում ունեն կնքված շուրջ 94 պայմանագիր, որոնք ընթացքի մեջ են, արդեն կառուցվել է 49 «խելացի» անասնաշենք: Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ ցուցանիշը գոհացնո՞ղ է՝ փոխնախարարն ասաց, որ, երբ ծրագիրը նախագծվում էր,   Հայաստանում կային ընդամենը 2 կամ 3 նման անասնագոմեր:  

«Մեր նպատակն էր, որ Հայաստանում ձևավորվի այդ մշակույթը, որը, կարծում եմ,  արդեն տեսանելի է: Այս ծրագրի շրջանակներում փորձել ենք ներկայացնել այն կարևոր բաղադրիչները,  որոնք վերաբերվում են կենդանիներին պահելուն, ինչն էլ ազդեցություն է ունենում հենց կաթնարտադրության վրա: Կենդանիների համար շատ կարևոր է  խմելու ջրի առկայությունը, օդափոխությունը, լուսավորությունը, կթի սարքը: Օրինակ, կենդանուն մեկ լիտր կաթ արտադրելու համար օրական անհրաժեշտ է շուրջ 3-ից 4 լիտր ջուր, և այդ պահանջարկը նրա մոտ առաջանում է օրվա տարբեր ժամանակահատվածներում, հետևաբար պետք է կենդանին ազատ հասանելիություն ունենա ջրին: Ինչ վերաբերում է լուսավորությանը, այն նույնպես մեծ դեր է կատարում, և օրական 16 ժամ կայուն լուսավորությունը նույնպես ապահովում է, որպեսզի կաթնատվությունը բարձրանա: Շատ կարևոր է նաև օդափոխությունը, որովհետև, եթե օդափոխություն տեղի չի ունենում, գոմերում ջերմաստիճանը բարձրանում է 25 աստիճանից ավել, ինչի պարագայում կաթնատվությունը կարող է նվազել մինչև 20-30 տոկոս»,-ընդգծեց Արման Խոջոյանը:

MXO_2936.JPG (458 KB)

Քանի որ այս ծրագրով ամբողջական տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին, փոխնախարարը նշեց, որ առաջարկում պարտադիր պայման է հենց կթի սրահի և կթի սարքերի առկայությունը, որոնք  ապահովում են կաթի որակի բարձրացում, քանի որ կիթը իրականցվում է մեքենայացված տարբերակով, ինչն էլ իր հերթին կթի ժամանակ հենց կաթի մեջ  նվազեցնում է  տարբեր բակտերիաների քանակը: Մյուս դեպքում էլ հենց սարքը հարմարեցված է հորթի բերանի տեսքին, որը լրացուցիչ սթրեսի չի ենթարկում կենդանուն և նպաստում է, որ  կաթնատվությունը բարձրանա շուրջ 20 տոկոսով:

«Նշեմ, որ ծրագրի շրջանակներում կառավարությունը փոխհատուցում է մեր կողմից գնահատված ծախսի 50 տոկոսը. նաև գործում են արտոնյալ պայմաններ սահմանամերձ տարածքներում, կոոպերատիվների կամ զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար գործում է շուրջ 70 տոկոսի փոխհատուցում:

  • Կիսվել: