շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Նոր կարգավորումներ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում

Նոր կարգավորումներ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հրաժարվել է Լուսինե Բադալյանը: Առաջադրվել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը:  Հանձնաժողովի անդամների քվեարկության արդյունքում Հռիփսիմե Հունանյանն ընտրվել է այդ պաշտոնում:

 

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է  ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական լրամշակված փաթեթը:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի տեղեկացմամբ փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է կարգավորում առ այն, որ անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է առողջապահության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, սակայն, վերոգրյալից բացի, որեւէ այլ կարգավորում, այդ թվում՝ վերահսկողության իրականացման գործիքակազմի եւ ընթացակարգի վերաբերյալ, նախատեսված չէ:

Ըստ այդմ՝ փաթեթով առաջարկվում են մի շարք կարգավորումներ, որոնց ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել պատշաճ վերահսկողություն՝ անձի ֆունկցիոնալության գնահատման, ծառայությունների անհատական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված իրավասու մարմինների, կազմակերպությունների, հանձնաժողովների եւ ֆիզիկական անձանց կողմից իրականացվող գործառույթների (լիազորությունների) նկատմամբ:

«Մենք հաճախ արձանագրում ենք, որ փորձաքննության գնում են մեր այնպիսի քաղաքացիներ, որոնք չունեն անձի ֆունկցիոնալության խափանման աստիճան: Այսինքն՝ ուզում են ստանալ հաշմանդամության կարգ, որը իրենց չի հասնում, եւ մեր բուժաշխատողներն էլ նպաստում են այդ գործընթացին: Եվ հիմա մենք ուզում ենք, որ մեր բուժաշխատողներն իմանան, որ եթե նրանք շարունակաբար, կրկնվող, տարեկան առնվազն երեք անգամ նման բան անեն, եւ տեսչական մարմինը բացահայտի, որ բուժաշխատողը, կարգերը խախտելով, ինչ-որ բանի դիմաց կամ հենց այնպես, քաղաքացուն ուղարկի կարգ ստանալու, ապա տեսչական մարմինը դիմելու է Առողջապահության նախարարություն:  Նախարարությունն էլ նորից քննելու է, եւ եթե լինեն հիմքեր, ապա   հնարավոր է՝ իրականացնի բուժաշխատողի անհատական լիցենզիայի կասեցում: Չարամտորեն չուղարկելն էլ կարող է դիտվել խախտում»,-նախաձեռնության կարգավորումները հանրամատչելի պարզաբանել է հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը:

«Կարծում եմ՝ սա շատ կարեւոր նախաձեռնություն  է»,- հավելել է նա:

Նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: