երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Ներուժ 4.0» ծրագրի հայտերի ընդունման ավարտին մնացել են ժամեր. ԲՏԱ նախարարություն

«Ներուժ 4.0» ծրագրի հայտերի ընդունման ավարտին մնացել են ժամեր. ԲՏԱ նախարարություն

 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է «Ներուժ 4.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի մասնակցության հայտերի ընդունումը: Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանում է 2023 թ. օգոստոսի 3-ին ժամը 18:00-ին:

«Ներուժ 4.0» ծրագրով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական ընկերություններ հիմնելու և զարգացնելու նպատակով՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական, կրթական և խորհրդատվական աջակցություն:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 40 թիմ հրավիրվելու է Հայաստան՝ մասնակցելու Դիլիջանում օգոստոսի 23-28-ը կայանալիք 6-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության հնարավորություն:

Միջոցառման շրջանակներում գաղափարի փուլում գտնվող թիմերից հանձնաժողովի որոշմամբ հաղթող ճանաչված 3 թիմ կստանա համապատասխանաբար 15, 10 և 5 մլն ՀՀ դրամ, իսկ պրոդուկտ ունեցող թիմերից հաղթող ճանաչված 3 թիմ՝ համապատասխանաբար 30, 20 և 10 մլն ՀՀ դրամ աջակցություն:

Թիմերին  հնարավորություն  կտրվի ընդլայնել համագործակցային ցանցը, փոխանակվել գիտելիքներով և փորձով, ինչպես նաև ստանալ ավելի քան 40 երկրներից հրավիրված թիմերի հետ շփվելու հնարավորություն:

Ստարտափը կարող է մասնակցել «Ներուժ» ծրագրին, եթե.

 

ունի նախապես ձևավորված թիմ,

հիմնադիրը (կամ առնվազն համահիմնադիրների 50%-ը)՝

 1. ունի/ունեն հայկական ծագում,

 2. չի/չեն հանդիսանում ՀՀ քաղաքացի (բացառությամբ երկքաղաքացիների),

 3. վերջին 12 ամիսների ընթացքում չի/չեն բնակվել ՀՀ-ում կամ հայրենադարձվել է/են վերջին 6 ամիսների ընթացքում,

գտնվում է գաղափարի կամ պրոդուկտի մակարդակում,

գործում է կայքում թվարկված առանցքային ճյուղերից մեկում,

հայտը ներկայացնելու օրվան նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում չի ստացել դրամաշնորհ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

Ծրագրի հայտադիմումներն ընդունվում են հետևյալ հղումով:

Շեշտվում է, որ Դիլիջանում կայանալիք միջոցառմանը յուրաքանչյուր ստարտափից կհրավիրվի միայն 2 մասնակից:

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել www.neruzh.am:

  • Կիսվել: