երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ներդրումային քաղաքականության մեջ բարեփոխումներ են անհրաժեշտ. UNCTAD-ի զեկույց

Ներդրումային քաղաքականության մեջ բարեփոխումներ են անհրաժեշտ. UNCTAD-ի զեկույց

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) Ներդրումային, ձեռնարկատիրության և զարգացման հանձնաժողովի կողմից հրապարակված՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցում ասվում է, որ եթե ներդրումները պատշաճ կերպով խթանվեն, Հայաստանն առաջիկա 10-20 տարիներին կարող է մի շարք ոլորտներում հասնել միլիարդ դոլար արժողությամբ արտահանման ծավալների, ինչը կօգնի առարկայացնելու երկրի իշխանությունների կողմից խոստացված տնտեսական հեղափոխությունը: 

Նշենք, որ զեկույցի պատրաստումը նախաձեռնվել էր Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Շվեյցարիա կատարած այցից հետո:

Հիշեցնենք նաև, որ Սարգսյանը 2018 թ. Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել էր ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ և հանդես էր եկել առաջարկությամբ՝ անհատույց կերպով պատրաստելու Հայաստանի ներդրումային քաղաքականությանը վերաբերող զեկույցը:

Այդ նպատակով UNCTAD-ի թիմը 2019 թ.այցելել էր Հայաստան:

Երեկ Ներդրումային, ձեռնարկատիրության և զարգացման հանձնաժողովի նիստին զեկույցի հրապարակման ժամանակ UNCTAD-ի ներդրումների և ձեռնարկատիրության հարցերով տնօրեն Ջեյսմ Ժանն ասել է, որ հաշվի են առնվել երկրի համեմատական առավելություններն ու սահմանափակումները՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը պատրաստելիս:

Զեկույցում շեշտված է մեր երկրի ներուժը մի շարք ոլորտներում՝ բարձր տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, տեքստիլ արդյունաբերություն և այլն:

Նաև ասված է, որ, որպեսզի տնտեսության կառուցվածքային փոփոխությունների միջոցով հնարավոր լինի կյանքի կոչել աղքատության և գործազրկության հաղթահարման մասին կառավարության տեսլականը, անհրաժեշտ են բարեփոխումներ ներդրումային քաղաքականության մեջ, ինչպես նաև առավել նշանակալի ջանքեր ուղղված ներդրումների ընդլայնմանը:

Զեկույցում ընդգծված է նաև Սփյուռքի կարևորությունը, որը կարող է ապագայում զգալի դերակատարում ունենալ:

  • Կիսվել: