կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ներդրում ապագայի մեջ. Էփրիքոթ Կապիտալի հովանավորությամբ ՀՊՏՀ-ում բացվեց վերանորոգված լսարան

Ներդրում ապագայի մեջ. Էփրիքոթ Կապիտալի հովանավորությամբ ՀՊՏՀ-ում բացվեց վերանորոգված լսարան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ հայկական ներդրումային Էփրիքոթ Կապիտալ ընկերության հովանավորությամբ վերանորոգված լսարանի բացումը։ Վերանորոգումն իրականացվել է 2023 թվականի հոկտեմբերին ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա և առարկայացնում է Հայաստանում ֆինանսական ոլորտի մասնագետների ապագա սերունդները կրթելու կողմերի հանձնառությունը:

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետում գտնվող այս լսարանը հագեցած է նորագույն խելացի գրատախտակով, ժամանակակից կահույքով և նորարար դիզայնով` ուսանողների համար ստեղծելով հաճելի և խթանող ուսումնական միջավայր: Լսարանը կհյուրընկալի նաև կապիտալի շուկաների և ներդրումների թեմաներով Էփրիքոթ Կապիտալի առաջատար փորձագետների կողմից աշխատարանների շարք, որոնք ուսանողներին հնարավորություն կտան ոլորտի առաջատարներից ստանալ պրակտիկ պատկերացումներ և գործնական գիտելիքներ:

Անդրադառնալով համագործակցությունը՝ Էփրիքոթ Կապիտալի հիմնադիր Վարդան Ամարյանը ընդգծեց մասնավոր հատվածի և կրթական հաստատությունների միջև համագործակցության կարևորությունը՝ նշելով փորձառությունների կազմակերպման, նախագծերի հովանավորության և փորձագետների կողմից դասախոսությունների միջոցով ակտիվ համագործակցությունը Հայաստանի առաջատար կրթական հաստատությունների հետ: «Մեզ համար կրթության մեջ ներդրում կատարելը ներդրում է ապագայի մեջ», - նշեց Վարդան Ամարյանը:

«Այս լսարանը մեր առցանց Էփրիքոթ Ակադեմիայի նյութերի և մեր փորձագետների դասախոսությունների հետ միասին ուսանողների համար կստեղծի ֆինանսների աշխարհն ուսումնասիրելու համար դինամիկ ուսումնական միջավայր և թույլ կտա կառուցել հաջող կարիերա», - հավելեց Էփրիքոթ Կապիտալի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը՝ նշելով, որ ընկերությունն արդեն իսկ ունի ՀՊՏՀ շրջանավարտ աշխատակիցների և ուրախ է իր ներդրումն ունենալ ապագա տաղանդների կրթության գործում:

Ողջունելով նախաձեռնությունը՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նշեց, որ Տնտեսագիտական համալսարանն ակտիվ գործընկերային հարաբերություններ է կառուցում Հայաստանի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի հետ, որի նպատակը ուսանողների գործնական հմտությունների զարգացմանն ու նրանց աշխատանքային առաջընթացին աջակցելն է։

«Այս համատեքստում բարձր ենք գնահատում  Էփրիքոթ կապիտալի հետ մեր համագործակցությունը, որի շոշափելի արդյունքն այսօր ուրախացնում է բոլորիս։ Վստահ եմ, որ մեր գործընկերոջ կողմից վերանորոգված այս նոր ու արդիական լսարանը կամրապնդի ընկերության ներկայությունը մեր բուհում՝ միաժամանակ ուսանողների համար ստեղծելով ուսումնառության ավելի լավ պայմաններ, ինչը համահունչ է ենթակառուցվածքների բարելավման մեր ռազմավարական նպատակին»,- ասաց Դիանա Գալոյանը։ Բուհի ղեկավարն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեց Էփրիքոթ Կապիտալի հիմնադիր Վարդան Ամարյանին և գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանին։ Ընդգծվեց նաև այս նոր լսարանի ստեղծման աշխատանքներում ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանի կազմակերպչական հարցերում ցուցաբերած գործուն աջակցությունը։

«Մեր աչքի առաջ ամեն օր մեր համալսարանն առաջընթաց է ապրում, բարելավվում է կրթական միջավայրը, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։ Ուսանողներիս համար շատ հաճելի է, որ մեր ուսումնական գործընթացն այսուհետ կկազմակերպվի այսպիսի նորաոճ լսարանում, դա շատ մոտիվացնող է»,- ասաց ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի ուսանող Ժաննա Իխտարյանը։

  • Կիսվել: