շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄԷ-ում հրավիրված Համաշխարհային կառավարման գագաթնաժողովին

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄԷ-ում հրավիրված Համաշխարհային կառավարման գագաթնաժողովին

Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային ռեսուրսների և Էմիրաթիզացիայի նախարար Աբդուլռահման ԱլԱվարի հրավերով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը փետրվարի 13-15-ը Արաբական Միացյալ Էմիրություններում մասնակցում է Համաշխարհային կառավարման գագաթնաժողովին։
 
Ֆորումին մասնակցում են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլք։
 
Գագաթնաժողովը, որն աշխարհի հարյուրավոր երկրների կառավարությունների համար ոլորտային քաղաքականությունների շուրջ փորձի փոխանակման գլոբալ հարթակ է, գործարկվել է 2013 թվականից։ Այն տարբեր երկրների առաջնորդների և փորձագետների միավորում է մեկ հարկի տակ՝ նոր գործիքների, քաղաքականության ու մոդելների մշակման հարցում միմյանց լսելու և սեփական փորձով կիսվելու նպատակով։
 
Այս տարի անցկացվող ֆորումի առանցքային թեմաներից մեկը նվիրված է աշխատանքի ոլորտին, տեխնոլոգիական առաջընթացով և կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ գլոբալ մարտահրավերներին ու հնարավորություններին։
 
Պանելային քննարկման բանախոսներն եղել են Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության զարգացման կենտրոնի տնօրեն Ռագնհեյդըր Էլին Արնադուտիշը, Համաշխարհային բանկի Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի գծով փոխնախագահ Ֆերիդ Բելհաջը։
 
Վերջիններս իրենց ելույթներում խոսել են տեխնոլոգիական առաջընթացի, տնտեսությունների արագ փոփոխման, գլոբալ մարտահրավերների և դրանց հետևանքների մասին։
 

  • Կիսվել: