շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախնական հաշվարկներով սպասվում է 11 տոկոս տնտեսական աճ. ՀՀ նախագահը ներկայացրեց Հայաստանում աճին խթանող գործոնները

Նախնական հաշվարկներով սպասվում է 11 տոկոս տնտեսական աճ. ՀՀ նախագահը ներկայացրեց Հայաստանում աճին խթանող գործոնները

Համաշխարհային տնտեսության համար դժվարին իրավիճակի պայմաններում Հայաստանում նախնական հաշվարկներով այս տարեվերջի արդյունքում ակնկալվում է 11 տոկոս տնտեսական աճ: Հայաստանի տնտեսությունում նկատվող աճի համար լրացուցիչ խթան են հանդիսացել նաև մեծ թվով օտարերկրյա ընկերությունների Հայաստան տեղափոխվելը, գրանցվելը, աշխատուժի ներհոսքը:

Այս և Հայաստանի տնտեսությունում արձանագրված ու նկատվող զարգացումների մասին խոսեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Բուլղարիայի «Սուրբ Կլիմենտ Օհռիդսկի» անվան համալսարանում «Հայաստանի տնտեսություն. Առերեսվելով համընդհանուր և տարածաշրջանային մարտահրավերներին» խորագրով դասախոսությանը:

Խաչատրյանը նախ խոսեց Հայաստանի տնտեսությունում տարբեր ժամանակներում գրանցված անկման մասին, հիշեցրեց 2009 թվականի ֆինանսական ճգնաժամի մասին, ինչի ազդեցությունից անմասն չէր մնացել նաև Հայաստանը: Ապա` խոսեց նաև 2016-ի տնտեսական անկումից, որը պայմանավորված էր Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ: Նախագահը ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունը շատ խորը ինտեգրված է ՌԴ-ի տնտեսությանը: Հայաստանը 2013-ից հանդիսանում է ԵԱՏՄ անդամ: Սակայն Խաչատուրյանը շեշտեց, որ միաժամանակ Հայաստանը շատ ակտիվ համագործակցում է ԵՄ-ի հետ, անցյալ տարի ուժի մեջ է մտել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Մենք կարողանում ենք օգտվել ԵՄ-ի հետ համագործակցությունից, միաժամանակ ունենք 170 միլիոնանոց (խմբ.-170 մլն բնակչությամբ) ԵԱՏՄ, որից կարող ենք օգտվել: Այդ թվում՝ նաև բուլղարական բիզնեսի ներկայացուցիչները կարող են օգտվել այդ առավելությունից՝ օգտագործելով Հայաստանի տարածքը»,-նշեց նախագահը:

Հայաստանի տնտեսության հաջորդ խորը անկումը նկատվել է 2020 թվականին՝ կորոնավիրուսի, պատերազմի ազդեցությամբ պայմանավորված:  Իսկ 2021-ին կրկին գրանցվել է տնտեսական աճ:

«Այս տարի աննախադեպ տնտեսական աճ է լինելու, նախնական հաշվարկներով՝ 11 տոկոս: Կարծում եմ՝ այսօրվա համաշխարհային տնտեսության ճգնաժամի պայմաններում այսպիսի տնտեսական աճ գրանցելը բավականին հետաքրքիր է, մասնագետների ուսումնասիրության կարիք ունի, բայց Հայաստանը կարողացել է»,-ասաց Խաչատուրյանը:

Խոսելով տնտեսական նման բարձր աճի պատճառներից՝ ՀՀ նախագահը նշեց, որ ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի կողմից դեպի Հայաստան աշխատուժի ներհոսքը էականորեն մեծացել է: Այդ ներհոսքը հիմնականում ապահովել են ՏՏ բնագավառի որակյալ մասնագետներ: «Եվ հաշվի առնելով ՀՀ տնտեսական, հատկապես հարկային քաղաքականությունը՝ մոտ 70 ընկերություններ գրանցվեցին Հայաստանում: ՀՀ կառավարությունն էլ շատ արագ արձագանքեց այդ ընկերությունների պահանջներին: Եվ բարենպաստ պայմանները գրավեցին ռուսական, ուկրաինական և բելառուսական՝ բարձր տեխնոլոգիական, ՏՏ բնագավառի ներկայացուցիչներին, որ հիմնվեն Հայաստանում: Իսկ դա լրացուցիչ տնտեսական խթան է մեզ համար: Մենք մինչև հիմա շարունակում ենք առանձնահատուկ ուշադրություն դարձնել այդ բնագավառին, օտարերկրյա ընկերություններին, որոնք արդեն դարձել են հայկական ընկերություններ, որովհետև իրենք պաշտոնապես այլևս այն ընկերությունները չեն, որոնք կային»,-ասաց նախագահը:

Խաչատուրյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն էականորեն աճել է՝ այս տարվա առաջին կիսամյակում հասնելով 589 հազարի, ապրանքների արտահանման ծավալը ևս էապես ավելացել է դեպի Ռուսաստան: Նրա խոսքով՝ դրամական փոխանցումները, որոնք միշտ դեր են ունեցել Հայաստանի կյանքում, եթե նախկինում եղել են ՀՆԱ-ի 10-12 տոկոսը, ապա այս տարի կազմում են մոտ 18 տոկոս:

Թե ինչու է ՀՀ-ն գրավիչ՝ նա պարզաբանեց՝ լավ կարգավորումների, բավական մատչելիության և ազատության համար: Բիզնես գրանցելը Հայաստանում տևում է 1 օր, նույնիսկ ժամեր, քանի որ գրանցումը կատարվում է էլեկտրոնային եղանակով, բանկային համակարգում հաշիվ բացելու խնդիր ևս չկա:

Նախագահը ընդգծեց նաև Հայաստանից արտահանման ծավալների ավելացման, գործազրկության մակարդակի նվազեցման և այլ ցուցանիշների մասին:

  • Կիսվել: