ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախատեսվում է օրենքով կարգավորել կառուցապատողների կողմից բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման հնարավորությունը

Նախատեսվում է օրենքով կարգավորել կառուցապատողների կողմից բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման հնարավորությունը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից բխող առաջիկա տարիներին մեծ թվով բնակելի և հասարակական նշանակության հաստատությունների նոր մասնաշենքերի կառուցման համար բազմակի օգտագործման նախագծեր կիրառելու պահանջով: Այդ շինությունների շարքում են նախադպրոցական, դպրոցական, առողջապահական, գյուղատնտեսական հաստատությունները:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ կառուցապատողները կարող են կիրառել բնակելի, հասարակական, արտադրական նշանակության օբյեկտների բազմակի օգտագործման օրինակելի նախագծեր, որոնք հիմք են շինարարական ծրագրերի մեկնարկի և դրանց ֆինանսավորման համար, եթե այդպիսի պայման նախատեսված է շինարարական աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների կապալի պայմանագրով:

Պետական բյուջեի միջոցների հաշվին բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով իրականացվող շինարարական ծրագրերի ֆինանսական հատկացումների չափը ենթակա է հաշվարկման՝ քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման մարմնի հաստատած գնագոյացման համակարգի նորմատիվ փաստաթղթերով սահմանված կարգերին ու ցուցանիշներին համապատասխան:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով՝ նախաձեռնությունը հնարավորություն կտա կրճատել նախագծման ժամկետները և ծախսերը:

Մեջբերելով օրինակներ՝ Դավիթ Գրիգորյանը նշել է՝ եթե ուսումնական հաստատության նախագծման արժեքը կազմում է շուրջ 10-25 մլն դրամ, ապա բազմակի օգտագործման նախագծի կիրառման դեպքում պահանջվելու է այդ գումարի 20-25 տոկոսը: Մշակվում են նաև նախագծման տևողության նորմեր: «Ե՛վ ֆինանսապես, և՛ ժամանակի առումով կարգավորումները ձեռնտու են»,- ասել է նա:

Հանձնաժողովը քննարկվող հարցին տվել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: