երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Նախատեսվում է մաքսային հսկողությունն ավելի թիրախավորված դարձնել. նախագիծ

Նախատեսվում է մաքսային հսկողությունն ավելի թիրախավորված դարձնել. նախագիծ

Խորհրդարանը շարունակում է քննարկել Կառավարության ներկայացրած՝ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը:

Հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանի խոսքով՝ փոփոխությունների էությունը հետևյալն է. ներկայումս փոստային կապի և սուրհանդակային կապի օպերատորները, ինչպես նաև ազգային օպերատորը, ըստ օրենքի, ունեն որոշակի համակարգեր, որոնք պարտավոր են ունենալ՝ իրենց հաճախորդներին ծառայություններ մատուցելու համար:

«Մենք այս օրենքով նախատեսում ենք, որ այդ համակարգերին ներկայացվող պահանջները կհաստատի Կառավարությունը, և տնտեսվարողները այդ համակարգին ամբողջական հասանելիություն կտան մաքսային մարմիններին, իսկ լիցենզավորման մասին օրենքով արդեն նախատեսում ենք, որ այս ամեն ինչը չանելը կհանգեցնի լիցենզիայի կասեցման»,- ասաց Սողոմոնյանը՝ նշելով՝ այդ տեղեկատվության հարթակների հիման վրա նախատեսվում է ստանալ ապրանքների ինվոյսներ:

«Օրինակ՝ պայմանական ասած՝ եթե 1000 եվրոյանոց հեռախոս է ձեռք բերել, սակայն արժեքը գրում է 100 դոլար, ապա այդ տեղեկությունն է գալիս մաքսայինին, այսինքն՝ մաքսայինի համար կարիք է լինում ստանալ տվյալ ապրանքի ինվոյսը, փաստաթղթերը՝ հսկողությունը ավելի պատճաշ իրականացնելու համար: Սա հնարավորություն է տալու թե՛ ավելի շատ ապրանքներ բաց թողնել, այսինքն՝ հսկողությունն ավելի շատ թիրախավորված դարձնել, թե՛ արդեն  լրացուցիչ տեղեկատվության հիման վրա աշխատեցնել մաքսայինի ռիսկերի համակարգերը և մաքսային մարմնի ռեսուրսներն ուղղել այնտեղ, որտեղ խնդիրներ են առկա»,- ասաց Սողոմոնյանը:

Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանի խոսքով՝ այս նախագծի փաթեթի ընդունման դեպքում պետբյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: 

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

  • Կիսվել: