կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նախատեսվում է բարելավել մաքսային հսկողությունը

Նախատեսվում է բարելավել մաքսային հսկողությունը

Նախագծով նախատեսվում է մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց համար առավել արդյունավետ համակարգի ներդրում: Նպատակը մաքսային հսկողության արդյունավետության եւ իրականացվող գործունեության կառավարելիության ապահովումն է: Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ նախատեսող նախագիծը` ասել է ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Նախատեսվում է սահմանել, որ մաքսային հսկողության այն գոտիներում, որոնք պետական կամ համայնքային սեփականություն են (օրինակ` մաքսային կետերում առեւտրային գործունեության իրականացումը, բանկի մասնաճյուղի տեղակայումը) գործունեությունը կկազմակերպվի մրցույթի հիման վրա, որը կսահմանի ՀՀ կառավարությունը:

Մրցույթի արդյունքում հաղթող անձանց հետ ուղղակի եղանակով կկնքվեն վարձակալության պայմանագրեր: Միաժամանակ, մաքսային հսկողության գոտի հանդիսացող մասնավոր տարածքներում (օրինակ` ժամանակավոր պահպանման պահեստներ) նախատեսվում է, որ այս կամ այն առեւտրային գործունեության իրականացումը կսահմանվի որպես նվազագույն պահանջ, օրինակ` անկանխիկի վճարման հնարավորություն, իսկ տնտեսվարողն արդեն կորոշի, թե ում հետ է կնքում պայմանագիր:

Զեկուցողին հարցեր են ուղղել պատգամավորները: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հետաքրքրվել է, թե ինչ է լինելու որոշ ընկերությունների հետ, օրինակ` «Duty Free» (անմաքս առեւտրի խանութներ) ցանցում գործող խանութների: Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ ուսումնասիրել են «Duty Free»-ների միջազգային փորձը եւ պարզել, որ Հայաստանում այդ առումով բազմաթիվ ռիսկեր կան:

Օրինակ` գնումների ծավալի վերաբերյալ էլեկտրոնային համակարգով փոխանակում չի կատարվում մաքսային մարմնի հետ: Օրինակ` մեկ անձնագրով հնարավոր է այնպիսի քանակի գնումներ կատարել, ինչն ակնհայտ առեւտրային նպատակ է հետապնդում: Այնուհետեւ, այդ ապրանքները հայտնվում են List.am-ում կամ այլ կայքերում, եւ դա որոշակի խնդիրներ է առաջացնում: ՊԵԿ նախագահը հավելել է, որ անմաքս առեւտրի խանութների հետ կապված նախաորակավորման ընթացակարգ է սահմանվելու, որի մանրամասները որոշելու է Կառավարությունը: Կորոշվի, օրինակ, թե ինչպես պետք է ցուցադրված լինի հայրենական արտադրությունը եւ այլն:

«Եթե այդ տարածքը պատկանում է պետությանը կամ համայնքին, պետք է անցկացվի մրցույթ: Պետք է նախ նախաորակավորվեն, մեր բոլոր պայմաններին համապատասխանեն, որից հետո բոլոր տնտեսվարողները, որոնք հավակնում են «Duty Free»-ի գործունեություն իրականացնել, կարող են դիմել եւ մրցութային կարգով հաղթող ճանաչվել, որ հայեցողական լիազորություններ այս ոլորտում չլինեն, եւ հարց չառաջանա քաղաքացիների մոտ, թե որ սուբյեկտը որ մաքսային հսկողության գոտում ինչ գործունեություն է անում, եւ ինչպես են որոշել, որ հենց այդ սուբյեկտն է իրականացնում»,- պարզաբանել է Ռուստամ Բադասյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Դավիթ Առուշանյանը:

Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ հունվարի 15-ի հերթական նիստում:

 
 

  • Կիսվել: