շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նախարարը տարեցներին հորդորեց թոշակի համար չայցելել «Հայփոստի» մասնաճյուղեր, քանի որ չայցելելու դեպքում խնդիրներ չեն առաջանա

Նախարարը տարեցներին հորդորեց թոշակի համար չայցելել «Հայփոստի» մասնաճյուղեր, քանի որ չայցելելու դեպքում խնդիրներ չեն առաջանա

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը այսօր ասուլիսում բոլոր տարեցներին հորդորեց չայեցելել «Հայփոստի» մասնաճյուղեր և սոցիալական ապահովության տարբեր ծառայություններ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության օրերին։

«Ես շատ եմ կարևորում մեր շահառու հանդիսացող տարեցների և խոցելի խմբերի տանը մնալու հանգամանքը։ Կոչ եմ անում նրանց, որպեսզի խուսափեն Հայփոստի մասնաճյուղեր, սոցիալական ապահովության տարբեր ծառայություններ այցելելուց, քանի որ իրենց իրավունքների իրացման հարցով որևէ խնդիր և դժվարություն չեն ունենա։ Անհրաժեշտ դիմումների ժամկետների սպառման դեպքում անգամ հաշվի կառնվի արտակարգ դրության հանգամանքը և դիմումների ընթացքը կտրվի այս իրավիճակի ավարտվելուց հետո»,- հավելեց Բաթոյանը։

Նշենք, որ ապրիլ ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը սկսվել է ապրիլի 2-ից:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանում ապրիլ ամսվա կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում: Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել՝ շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝ ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները:

  • Կիսվել: